«Սփյուռքում շատ հայկական քիչ համայնքներ են մնացել, որտեղ մեր պահանջները պաշտպանող ցույցեր տեղի չեն ունեցել»,-վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ հանդես եկող ցուցարարների այսօրվա հանրահավաքում հայտարարեց նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սփյուռքը եւս իրենց շարժման կողքին է: Պատգամավորը տեղեկացրեց՝ շատ հայտնիներ են արդեն միացել իրենց պահանջներին:
Մասնավորապես, Փաշինյանին ուղղված նամակով շարժմանն աջակցություն են հայտնել հանրաճանաչ ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը, դերասաններ Հրանտ Թոխատյանը, Արման Նշանյանը, Սարգիս Գրիգորյանը, որը Սերժ Սարգսյանին այսօր հորդորել է հրաժարական տալ, աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, դերասաններ Հովհաննես Ազոյանը, Սոս Ջանիբեկյանը, Հայկ Մարությանը, «Էմփիրեյ» խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը:
«Հենո, Հենո, միացի՜ր»,-լսելով ցուցարարների անունները՝ վանկարկեցին ցուցարարները: «Հենրիխ Մխիթարյան, նայի՜ր՝ ինչ է կատարվում Երեւանում»,-դիմեց Փաշինյանը հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:
Նա նաեւ նշեց. «Մարտի մեկի զոհերի հարազատները եւս աջակցում են մեզ: Խնդրի խաղաղ կարգավորումը կարեւորել է նաեւ երգչուհի Սիրուշոն, ԵԱՀԿ-ն, այլ կառույցներ»:
Ապա Փաշինյանը մեջբերեց, որ ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան Երեւանում ընթացող ցույցերի մասին ասել է. «Վստահ ենք, որ իրավիճակը կկարգավորվի ժողովրդական ճանապարհով՝ իրավական դաշտում»: Փաշինյանը նկատեց. «Սա չափազանց կարեւոր հայտարարություն է եւ նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կորցրել է նաեւ Ռուսաստանի աջակցությունը: ՀՀ-ում իշխանությունն այլեւս անվերադարձ պատկանում է ժողովրդին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ