«Ուշ է երկխոսության համար՝ գնացքը գնացել է: Բայց սա չի նշանակում, թե պատրաստ չենք քննարկում ունենալուն: Մենք, իհարկե, պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման՝ հրաժարականի ժամկետները եւ դրա հետ կապված որոշ պայմաններ:
Պատրաստ եմ ասել, որ մենք վրեժխնդրություններ չենք ուզում: Եթե Սերժ Սարգսյանը օր առաջ բացի իր աչքերը եւ հրաժարական տա, դա միայն ու միայն օգուտ կբերի նրան եւ ՀՀ-ին»,-քիչ առաջ հանրահավաքում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա խոսեց նաեւ այն մասին, թե ինչպես են պատկերացնում հետագա քաղաքական զարգացումները.
1.«Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից:
2.ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին:
3.Ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն:
4.ՀՀ օրենսդրությամբ՝ վարչապետ նշանակվելուց հետո քսան օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին: Երբ ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն՝ ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ պատրաստ են քննարկել նշյալ ծրագրի կետերը ՀՀԿ-ի հետ, որպեսզի ապահովեն իշխանության սահուն՝ անցնում փոխանցումը ժողովրդին. «Նախապայման կա՝ արտահերթ ԱԺ ընտրությունների արդյունքները որեւէ մեկի կողմից կասկածելի չպետք է լինեն: Հիմա եւ հետո ընտրություններում պետք է հաղթի միայն ժողովուրդը»:
Այս հայտարարությունից հետո ցուցարարները վանկարկեցին՝ «Նիկոլ՝ վարչապետ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ