Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն այսօր վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ հանդես եկող ցուցարարների հանրահավաքում մի դեպք պատմեց: Երբ այսօր եկել է Երեւան, ավտոճանապարհին մի ցուցարար-վարորդ փակել է ճանապարհը եւ թույլ չի տվել անցնի:
Բարսեղյանի խոսքով՝ Հայկ անունով վարորդը սկզբում չի իմացել, որ Բարսեղյանը «մերոնքական» է, ապա բացել է ճանապարհը:
«Հետո իմացա, որ ոստիկաններն այդ վարորդին բռնել են: Մոտ երկու հարյուր ահազանգ ստացա, թե՝ ի՞նչ եղավ Հայկը: Ասացի՝ ոստիկանները թող մտածեն, թե ոնց են իր ձեռքից պրծնելու»,-հեգնեց Լեւոն Բարսեղյանը:
Ապա` նա հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ որոշ դպրոցների տնօրեններ կրծքով պաշտպանել են Սերժ Սարգսյանի լուսանկարը. «Եթե վաղը նրանք իրենց ձեռքով չհանեցին լուսանկարը, հերթով անցնելու ենք այդ դպրոցներով եւ հանելու այդ նկարները: Կրթությունը պետք է զերծ լինի քաղաքականությունից»:
Հանրահավաքի ընթացքում ցուցարարները վանկարկումներով դժգոհեցին Ամենայն հայոց կաթողիկոսի՝ ցույցերի առնչությամբ հնչեցրած գնահատականներից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ