«Էս ի՜նչ արեցիք այսօր, էս ի՜նչ բոմբել բոմբեցիք»,-այսօրվա հանրահավաքում ցուցարարներին այսպես դիմեց ընդդեմ ՀՀԿ-ի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի շարժումն առաջնորդող պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության հրապարակ եկածներին:
«Այսօր եւս մեկ ռեկորդ ենք սահմանել: Մեր երթը քսանհինգ կմ հարյուր մետր է ձգվել, ասել է թե՝ 37 000 քայլ ենք արել: Այսօրվա մեր ակցիաները` փողոցներ փակելու գործողությունները, կրել են զանգվածային բնույթ»,-արձանագրեց նա:
Ապա` պատգամավորը նշեց. «Քանի օր է՝ իշխանության ներկայացուցիչները խոսում են մեզ հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին: Ձեւակերպում են, թե իշխանությունը պատրաստ է երկխոսել»:
Ցուցարարներն ասվածին արձագանքեցին՝ «ուշ ա՜» վանկարկելով: Նիկոլ Փաշինյանն այնուհետեւ հայտարարեց, որ այսօր Հանրապետության հրապարակը շատ ավելի լեցուն է, քան նախորդ օրերին:
«Արդեն աշխարհն է տեսնում, որ խաղաղ՝ թավշյա հեղափոխությունը շատ շուտով հաղթելու է: ՀՀ-ում Սերժ Սարգսյանի իշխանությունն արդեն անցյալ է, նա չի տիրապետում իրավիճակին»,-համոզմունք հայտնեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ