Մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել 2018 թվականի մարտի 10-ի երեկոյան Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում, ՀՀ կենտրոնական բանկի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով կատարված մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2018 թվականի մարտի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի, 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
2018 թվականի մարտի 13-ին, որպես վրաերթ կատարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 1992թ.-ին ծնված Ժ. Վ.-ն: Նույն օրը նա ձերբակալվել է և կասկածյալի դատավարական կարգավիճակում տվել խոստովանական ցուցմունք:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար փաստական տվյալների համակցությամբ հիմնավորվել է, որ Ժ.Վ-ն 2018 թվականի մարտի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, իրեն վստահված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, երկու ուղևորով, երթևեկել է Երևան քաղաքի Վ.Սարգսյան փողոցով՝ Մ. Խորենացի փողոցի կողմից դեպի Հանրապետության հրապարակի ուղղությամբ:
Այդ ընթացքում ավտոմեքենան վարել է երթևեկելի կենտրոնական գոտով, շուրջ 60կմ/ժ արագությամբ, մոտակա լույսերը միացված վիճակում: Չհասած Վ. Սարգսյան և Դեղատան փողոցների խաչմերուկին՝ նա կատարել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, այսինքն` չի զիջել խաչմերուկից հետո գտնվող, չկարգավորվող հետիոտնային անցումներով երթևեկելի մասը հանգիստ քայլերով հատող հետիոտն Մարիա Գրիգորյանին: Դրա հետևանքով ավտոմեքենայի առջևի ձախ մասով վրաերթի է ենթարկել վերջինիս, անզգուշությամբ նրան պատճառել է մահ, որից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել:
2018 թվականի մարտի 26-ին Ժ. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին
2018 թվականի ապրիլի 20-ին նախաքննություն իրականացրած քննիչի կողմից ստացվել է քրական գործով մեղադրական եզրակացությունը, որը հաստատվել է գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և ուղարկվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Դատախազություն