«Մենք արդեն հաղթել ենք: Շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, կոչ եմ անում ձեզ՝ վեր կացեք-եկեք այստեղ, դեն նետեք ձեր մեդալները, ժողովրդի սերը պետք է վայելեք, սա ձեր համար սերիալ չի, որ նստեք-նայեք»,-վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ հանդես եկող ցուցարարների այսօրվա հանրահավաքում հայտարարեց դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը:
Նա կրկին դիմեց իր գործընկերներին,-«երգիչներ, դերասաններ, եկեք-կանգնեք ժողովրդի կողքին»,-ապա հավելեց. «Ուզում եմ վարչապետ տեսնել Նիկոլին, միայն Նիկոլին»: Երիտասարդներին աջակցելու էր եկել նաեւ դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը:
Նա էլ հույս հայտնեց, որ առաջիկայում եւս երիտասարդները միասնական կլինեն. «Այսօր հպարտ եմ, որ հայ եմ, որ այս ազգի մի մասն եմ: Ապշած եմ, որ նման հզոր՝ տղամարդ-երիտասարդություն ունենք: Այս երիտասարդությունն այն սերմն է, որը ժայռի վրա էլ պտղատու ծառ կդառնա»:
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց՝ 100-ից ավելի դասախոսներ հայտարարություն են ստորագրել, որով փաստել են՝ ուսանողներն օրենք չեն խախտում, այլ իրենց սահմանադրական իրավունքներն են իրականացնում:
Ապա` ցուցարարներին Տիգրան Ավինյանը տեղեկացրեց. «Արարատ քաղաքում վաղը ժամը տասին Վազգեն Սարգսյանի արձանի մոտ տեղի է ունենալու մեծ հավաք: Տորոնտոյի հայությունն էլ տեղեկացնում է, որ վաղը Օնտարիոյի խորհրդարանի դիմաց տեղի է ունենալու հանրահավաք՝ ժամը երեքին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ