Չնայած նրան, որ այսօր երեկոյան նախատեսված հանրահավաքի ժամանակ Վանաձորում անձրեւ էր տեղում, սակայն երիտասարդները, պայմանավորվածության համաձայն, հավաքվել էին Հայքի հրապարակում: Նրանց հետ էր նաեւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Վերջինս իր խոսքում անդրադարձավ երեկ իր ֆեսյբուքյան էջում արված գրառմանը: Որի մեջ Սաքունցն իր կոչն ուղղել էր Վանաձորի համայնքի ավագանու անդամներին. «Կոչ էի արել, որպեսզի նրանք, անկախ կուսակցական պատկանելիությունից, իրենց դիրքորոշումը հայտնեն քաղաքացիական բողոքի ցույցին միանալու վերաբերյալ:
Մինչ այժմ որեւէ հրապարակային հայտարարություն իրենց համերաշխության մասին, «Քայլ արա, մերժիր Սերժին» պահանջի առումով չեմ լսել: Բայց այսօրվա ցույցի մասնակիցներն ունեն բոլոր հնարավորությունները, որպես ընտրողներ, մոտենան ում որ ընտրել են ավագանու անդամներ, հանդիպելու, պահանջները ներկայացնելու եւ ակնկալելու նրանց դիրքորոշումը: Մենք չենք ասում միացեք, կամ ոչ, ուղղակի հասկանանք նրանց դիրքորոշումը «քայլ արա, մերժիր Սերժին» պահանջի հետ կապված»:
Իրավապաշտպանի ելույթից հետո ակցիայի մասնակիցները մի քանի անգամ երթով շրջեցին Հայքի հրապարակում, որից հետո շարժվեցին քաղաքի կենտրոնական հատվածներ: Ցույցի մասնակիցներին ազդանշաններով ողջունում էին նաեւ վարորդները:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ