Գյումրիում վաղ առավոտից սկսված բողոքի ակցիաները շարունակվում են։ Չնայած ցուրտ եղանակին․ պարբերաբար տեղացող անձրևին՝ մեծ թվով մարդիկ դուրս են ելել բողոքի երթի։
Նրանք, իրենց բողոքի ձայնն արտահայտելով Գյումրու կենտրոնական փողոցներով, այս պահին «Միացիր», «Ազատ, անկախ Հայաստան», «Մերժիր Սերժին» բացականչություններով շարժվում են դեպի Անի թաղամաս։
Այսօրվա երթը բազմամարդ է, Գյումրու տարբեր թաղամասերից նոր մարդիկ են միացել մեկ շաբաթ շարունակ ոտքի կանգնած երիտասարդ ցուցարարներին։
Հիշեցնենք, որ այսօր կեսօրին էլ ցուցարարները՝ ի նշան բողոքի, փակել էին Գյումրի-Արմավիր մայրուղին։ Նրանք ցույց էին անցկացրել հենց մայրուղու վրա, ներկայացրել իրենց պահանջները, նրանց միացել էին նաև Լուսաղբյուր և Շիրակավան գյուղերի բնակիչները, երթևեկությունը մոտ մեկ ժամ կաթվածահար էր եղել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ