Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և վարչապետ Սապար Իսակովը:
Ղրղզստանի նախագահի ուղերձում մասնավորապես ասված է.
«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Վստահություն եմ հայտնում, որ բարեկամության, փոխըմբռնման և համագործակցության ավանդական հարաբերությունները Հայաստանի և Ղրղզստանի միջև հետագայում ևս կզարգանան՝ ի շահ մեր ժողովուրդների:
Հարգելի՛ Սերժ Ազատի, օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և հետագա հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:
Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Պետական գործչի Ձեր հարուստ փորձը և պրոֆեսիոնալիզմը արդի փուլում Հայաստանի առջև կանգնած բազմաչափ խնդիրների արդյունավետ լուծման գրավականն են:
Համոզված եմ, որ երկու երկրների միջև ձևավորված համագործակցության և փոխըմբռնման բարձր մակարդակը կապահովի հայ-բելառուսական կապերի հետագա զարգացումը և ամրապնդումը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների:
Հարգելի՛ Սերժ Ազատի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություն Ձեր բոլոր գաղափարների և նախաձեռնությունների իրականացման գործում»,-ասված է Բելառուսի Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:
Վարչապետ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Նգույեն Ֆու Չոնգը:
Ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Վիետնամի ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ուրախալի է ականատեսը լինել այն մեծ ձեռքբերումների, որոնք Հայաստանի ժողովուրդը արձանագրել է անցած 10 տարիների ընթացքում Ձեր ղեկավարությամբ՝ որպես նախագահ: Հավատացած եմ, որ նոր պարտականություններով և Ձեր փորձառությամբ ու իմաստնությամբ կշարունակեք առաջնորդել Հայաստանը դեպի նորանոր հաջողություններ՝ էլ ավելի ընդլայնելով երկրի դերակատարումը միջազգային ասպարեզում:
Ուրախ եմ, որ Վիետնամի և Հայաստանի միջև ավանդական բարեկամությունը և համագործակցությունը առավել ամրապնդվել է Ձեր նշանակալի ավանդի շնորհիվ: Ակնկալում եմ Ձեզ հետ համագործակցության և երկխոսության շարունակություն՝ երկու երկրների միջև հարաբերությունների դինամիկ և արդյունավետ զարգացման նպատակով, հատկապես առևտրատնտեսական ոլորտում Վիետնամ – Եվրասիական տնտեսական միություն Ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների, ի նպաստ տարածաշրջանային և միջազգային խաղաղության, կայունության և համագործակցության:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություն Ձեր նոր պաշտոնում, իսկ հայ ժողովրդին՝ Ձեր ղեկավարությամբ նորանոր ձեռքբերումներ Հայաստանի բարգավաճմանը և միջազգային ասպարեզում կարևոր դերակատարմանն ուղղված առաջընթացում»:
Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Թույլ տվեք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ձեր նախագահության տարիներին Հայաստանն անցել է կարևորագույն տնտեսական, քաղաքական և սոցիալական բարեփոխումների միջով, որոնք ստեղծել են լուրջ հենք ինչպես տնտեսության, այնպես էլ հայկական պետականության ինստիտուցիոնալ հիմքերի զարգացման և ամրապնդման համար:
Ձեր անմիջական ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետությունը մտել է Եվրասիական տնտեսական միության մեջ, ինչը երկրի զարգացման հիմք է ստեղծել ինտեգրացիոն տարածքի շրջանակներում:
Թույլ տվեք Ձեզ մաղթել Ձեր նոր կարգավիճակում՝ վարչապետի պաշտոնում հետագա հաջողություններ ու ձեռքբերումներ ի բարօրություն Հայաստանի, նրա ժողովրդի և մեր ինտեգրացիոն միավորման»,-ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի շնորհավորական ուղերձում:
Մամուլի հաղորդագրություն