Վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն կարծում է, որ Հայաստանում մոտ մեկ ամիս շարունակվող ցույցերը տարբերվում են Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխությունից»:
«Շևարդնաձեի իշխանություններն իրենցից ներկայացնում էին կոտրված ոտքերով աթոռ, բայց այդ վրացական ցույցերի հետևում կանգնած էին ամուր, լավ ֆինանսավորվող արտաքին ուժեր, և ամեն ինչ շատ լավ կազմակերպված էր: Բացի այդ, Ռուսաստանն ինքն էլ չէր փորձում պահպանել Շևարդնաձեի իշխանությունը: Հայաստանում իրավիճակն այլ է: Բացի այդ, այստեղ է գտնվում նաև ռուսական ռազմաբազա, և առայժմ ոչ մեկ չգիտի՝ ինչպես այն իրեն կպահի, եթե իրավիճակը հասնի ծայրահեղ վիճակի: Բացի այդ, անձամբ ես այդ ցույցերի ետևում կանգնած արտաքին ուժեր չեմ տեսնում»,- ասել է նա:
Ցինցաձեն կարծում է, որ հիմնականում Հայաստանում տիրող իրավիճակը կապված է հայերի վճռական քաղաքական կամքի, նախանձելի վճռականության հետ: Քաղաքագետը նկատում է, որ հայերը հակված են քաղաքական պայքարին և իսկապես կանգ չեն առնի, չնայած որ առանց արտաքին աջակցության բողոքը երկար չի շարունակվի, և թավշյա հեղափոխություն անել չի հաջողվի:
«Առանց արտաքին միջամտության այդ բողոքը կարող է շարունակվել ևս 5 օր, ավել չեն կարող: Տեսնենք, կլինի՞ արդյոք աջակցություն: Իշխանություններն այսօր կամ վաղը չեն ցրի այդ ակցիան, քանի որ այսօր լիցքերն այնքան բարձր է, որ առանց զոհերի դա անել չի հաջողվի»,- ասել է նա:
Մի բան հայտնի է, անգամ եթե արտաքնապես այդ ակցիաներն անարդյունք ավարտվեն, և Սարգսյանն էլ ոչ մի տեղ չգնա, դա արդեն կարող է համարվել գլխավոր փորձ, ժողովուրդն այլևս կանգ չի առնի, եթե իշխանությունները լուրջ բարեփոխումներ չանեն, հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում, կարծում է վրացի քաղաքագետը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ