2018թ. ապրիլի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բակում մոտ 15-20 անձանց կողմից հարձակման է ենթարկվել փաստաբան Արաքս Մելքոնյանը և շարժման մասնակից Դավիթ Պետրոսյանը:
Դավիթ Պետրոսյանը ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ, որի հետևանքով բժիշկները նրան չեն թույլատրել հեռանալ հիվանդանոցից և պարտավորեցրել են ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն:
Փաստաբան Արաքս Մելքոնյանը ոտքի շրջանում ստացել է սալջարդ վնասվածք:
Ահազանգի հիման վրա 2018թ. ապրիլի 19-ին ժամը 19:00-ի սահմաններում հիվանդանոց են ներկայացել Նոր-Նորքի բաժանմունքի ոստիկանները:
Ոստիկանները սկզբում հրաժարվել են արձանագրել դեպքի մանրամասները, այնպես ինչպես ներկայացրել են տուժածները:
Այնուհետև, տուժողները ինքնուրույն կազմել են գրավոր հաղորդում և ներկայացրել են ոստիկանության աշխատակիցներին:
Ոստիկանության աշխատակիցներ՝ հետաքննիչ Եղոյանը և Նարեկ Բարսեղյանը տուժողների և նրանց փաստաբանի հետ դիմել են Սրբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական հաստատության տեսանկարահանում իրականացնող ծառայության աշխատակիցներին, սակայն ծառայության աշխատակիցները հրաժարվել են տրամադրել որևէ տեսանյութ:
Ոստիկանության աշխատակիցները առանց որևէ բացատրության լքել են հիվանդանոցը, իսկ փաստաբանի և տուժողների պահանջին անվտանգության աշխատակիցները պատասխանել են, որ պետք է դիմել անվտանգության պետին, ում անունը և որևէ այլ տվյալ չեն հայտնել:
2018թ. ապրիլի 19-ին փաստաբանը դիմել է ոստիկանությանը Դավիթ Պետրոսյանի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու և անհրաժեշտ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար, որը չի ապահովվել:
Ակնհայտ է, որ Դավիթ Պետրոսյանը ենթարկվում է հետապնդումների իր հայացքների և հասարակական ակտիվ գործունեության համար:
2018թ. ապրիլի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում Դավիթ Պետրոսյանը երկու անգամ ենթարկվել է բերման, որտեղ պահվել է մինչև 9-ը ժամ, բերման ենթարկվելու ընթացքում նրա նկատմամբ կիրառվել են բռնություններ:
Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 17-ին, ժամը 8:15-ի սահմաններում առանց որևէ օրինական հիմք ներկայացնելու նրան բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին: Անհրաժեշտ գործողություններն ավարտելուց և փաստաթղթերը ստորագրելուց հետո, մինչև ժամը 17:25 Դավիթ Պետրոսյանը շարունակել են անօրինական կերպով, հարկադրաբար պահվել է ոստիկանության բաժանմունքում, իսկ նրա փաստաբան Արաքս Մելքոնյանը ստիպված է եղել մնալ նրա հետ:
Ելնելով վերը շարադրվածից՝
Դիմում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունները գործադրելու՝ ապահովելու Դավիթ Պետրոսյանի և նրա փաստաբան Արաքս Մլեքոնյանի իրավունքները պաշտպանելուն և կանխելու նրանց նկատմամբ դրսևորվող անօրինական գործողությունները
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից դադարեցնել և զերծ մնալ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ դրսևորվող անօրինական գործողություններից և անմիջապես քննություն սկսել նրանց իրավունքների խախտումների փաստերով
Մասնավորապես՝
ՀՀ դատախազությանը՝
Անհապաղ քրեական գործ հարուցել Դավիթ Պետրոսյանի և նրա փաստաբանի նկատմամբ հարձակման փաստով, հանձնարարել համապատասխան քննչական մարմնին իրականացնել անհապաղ քննություն
ՀՀ ոստիկանությանը
Օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկել Դավիթ Պետրոսյանի և նրա փաստաբան Արաքս Մելքոնյանի անձնական անվտանգության ապահովման համար: Նշված գործողությունները չկատարելու դեպքում Դավիթ Պետրոսյանի և նրա փաստաբան Արաքս Մելքոնյանի հետագա բոլոր հնարավոր ոտնձգությունների համար անմիջական պատասխանատվություն են կրելու ՀՀ իրավական մարմինները
«Իրավապաշտպանների միասնական թեժ գիծ»
20.04.2018թ.