Հայաստանի մի շարք քաղաքներում վերջին օրերին ընթացող ցույցերն ու երթերն ունեն մի քանի կարևոր առանձնահատկություններ, որոնք Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ եզակի են և արժանի քննարկման։
Մասնակիցների տարիքային հարաբերակցությունը
Առաջին անգամ 1988թ․ ի վեր Հայաստանում զանգվածային ցույցերի մասնակիցների մեծամասնությունը 35 տարեկանից ցածր անձինք են։ Ուշագրավ է, որ ցուցարարների մի ստվար հատված կազմում են ուսանողներն ու բարձր դասարանների աշակերտները։ Եվ չնայած Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին բնորոշ ուսումնական հաստատությունների բարձր քաղաքականացվածությանը՝ ցույցերի մեկնարկի պահից ուսանողական դասադուլներն ու ակցիաները շարունակվում են։ Ավելին՝ ցուցարարները ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արդեն երկու անգամ եկել են Երևանի պետական համալսարան։
Մասնակիցների թիվը
Եվս մի կարևոր առանձնահատկությունն այն է, որ ցույցերի մասնակիցների թիվն աննախադեպ բարձր է։ Ապրիլի 17-ին, ըստ անօդաչու թռչող սարքի լուսանկարների տվյալների վերլուծության՝ Հանրապետության հրապարակի հանրահավաքին մասնակցել է 33-35 հազար մարդ։ Թեև դեռևս բարդ է հստակ թվեր մատնանշել, սակայն հանրապետության տարբեր քաղաքներում և Երևանի տարբեր վայրերում ընթացող ցույցերի մասնակիցների թիվը ապրիլի 18-ին գերազանցել է 35 հազարը։ Ընդ որում՝ մինչև 25 տարեկան մասնակիցների շրջանակում աղջիկների թիվը ևս աննախադեպ բարձր է՝ Հայաստանում նախկինում անցկացված որևէ հանրահավաքի համեմատ։
Դինամիկա
Ցույցերն ու քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ունեն նաև շատ հետաքրքիր դինամիկա։ Դրանք առաջանում են ինքնաբուխ կերպով՝ հաճախ 4-5 հոգու կողմից ճանապարհային երթևեկությունը կանգնեցնելու արդյունքում։ Ավելին, չնայած զանգվածային ցույցերի ժամանակ փողոցներում գիշերելու Հայաստանում տարածված պրակտիկային՝ ապրիլի 17-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին կոչ արեց գնալ տուն և կրկին հավաքվել առավոտյան։ Վերջին տասնամյակում սա առաջին նմանօրինակ դեպքն է, երբ մի քանի հազարանոց ցույցերի մասնակիցները գնում են երեկոյան տուն ու կրկին հավաքվում առավոտյան։
Ուսանողների այս օրերի ակցիաները ուշագրավ են նաև նրանով, որ բերման ենթարկող ոստիկաններից խուսափելու համար նրանք արագ ցրվում են տարբեր ուղղություններով և ապա հավաքվում նոր վայրում, ինչը բարդացնում է նրանց բերման ենթարկելու գործընթացը։
Ապրիլի 17-20-ին տեղի են ունեցել ցույցեր և զանգվածային այլ միջոցառումներ նաև Հայաստանի այլ քաղաքներում, ինչը ևս շարժման ինքնատիպ հատկանիշներից է։ Սովորաբար հանրահավաքների և բողոքների ակցիաների ժամանակ շրջանների բնակչությունը Երևան է գալիս և միանում մայրաքաղաքում տեղի ունեցող գործընթացներին, մինչդեռ այս անգամ ձևավորվում են նաև տեղայնացված մարզային բողոքի ակցիաներ։
Իր հերթին ուշագրավ էր նաև Սփյուռքի արձագանքի դինամիկան։ Բացի հայտնի սփյուռքահայ մշակութային գործիչների, մասնավորապես Սերժ Թանկյանի և Արսինե Խանջյանի արձագանքից, մի շարք սփյուռքահայեր ի նշան ցուցարարների հետ համերաշխության, ապրիլի 17-ին և 18-ին ակցիաներ են կազմակերպել Լոս Անջելեսում, Մոսկվայում, ինչպես նաև Մարսելում, որտեղ ցուցարարները Հայաստանի հյուպատոսարանի առջևում այրել են Սերժ Սարգսյանի դիմանկարը:
Ժամանակակից տեխնոլոգիաներ
Տեխնիկական միջոցների զարգացման և ինտերնետի առկայության շնորհիվ այս ցույցերը, անգամ 2015թ․ «Էլեկտրիկ Երևանի» նստացույցի համեմատ, զգալիորեն ավելի լավ են փաստագրվում՝ նկարների և տեսանյութերի աննախադեպ ծավալների շնորհիվ։ Անգամ ապրիլի 17-ի ուշ երեկոյան Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած դեպքը, որի ընթացքում կասկածելի արտաքինով անձինք ցուցանակներ և լուսաֆորներ են ջարդել։ Factor TV-ի աշխատակիցները, բարեբախտաբար, հասցրել էին նույն խաչմերուկում գտնվող իրենց գրասենյակից իջնել ներքև և նկարահանել ամեն ինչ՝ ուղիղ եթերով։ Սա հնարավորություն տվեց կանխել միջադեպի վերաբերյալ կեղծ լուրերի տարածումը։
Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավոր են դարձրել ինֆորմացիայի անսահմանափակ և արագ հոսքը։ Հաշվի առնելով այն, որ հանրապետական հեռարձակում ունեցող հեռուստաընկերությունները ի սկզբանե գրեթե չէին լուսաբանում շարժումը, դրա մասին տեղեկատվությունը տարածվում է հիմնականում համացանցով։ Ինֆորմացիայի նման հոսք դեռևս հինգ տարի առաջ, երբ սմարթ հեռախոսները համատարած բնույթ չէին կրում, անհնար էր պատկերացնել։
Այսպիսով՝ ապրիլի 17-ից լայն թափ ստացած ցույցերն ու երթերը, զանգվածային համատարած ակցիաները մի շարք առանձնահատկություններ ունեն, որոնք ընթացիկ շարժումը, անկախ դրա գրանցելիք արդյունքից՝ դարձնում են Հայաստանի նորագույն պատմության մեջ տեղի ունեցած ամենաուշագրավ քաղաքական զարգացումներից մեկը։
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»