Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՛ ծեծեք մեր լրագրողներին, ձեր ձեռքերը հեռու պահեք իրենցից». Նունե Սարգսյան

Ապրիլ 20,2018 17:17

«Հայաստանյան իշխանությունները, եթե իսկապես մտահոգված են երկրի իմիջով, պետք է կարողանան իրավապահ մարմինների գործողությունները շտկել եւ ուղղակի հրահանգ տան, որ հանդուրժողականություն եւ զսպվածություն ցուցաբերեն, երբ տեսնում են լրագրողին աշխատավայրում՝ իրադարձություն լուսաբանելիս»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրած ասուլիսում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա ասաց, որ իշխանությունները ուշադիր չեն այն քննադատական խոսքերին, առաջարկներին, որոնք հնչում են քաղհասարակության, ԶԼՄ-ների կողմից:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր Շուշան Դոյդոյանն ասաց, որ ամենակարեւորն է ընդունել, որ լրագրողներն իրենց սեփական հաճույքի համար չեն գտնվում իրադարձությունների թեժ կետերում, դա նրանց մասնագիտական պարտականությունն է՝ լինել իրադարձությունների կենտրոնում, լուսաբանել եւ դա փոխանցել հանրությանը: Շատ կարեւոր է, որ իշխանությունը՝ ոստիկանները, նաեւ ցուցարարները հաշվի նստեն լրագրողների մասնագիտական պարտականությունների հետ. «Փաստացի այսօր եւ երեկ լրագրողի նկատմամբ տեղի է ունեցել քրեական հանցագործություն՝ ոտնձգություն նրա մասնագիտական գործունեության նկատմամբ, նաեւ ֆիզիկական բռնություն կիրառելու միջոցով: Շատ կարեւոր է, որ գոնե այս անգամ սա ընկալվի իր ամբողջ լրջությամբ եւ այն անձինք, որոնք կատարել են այս հանցանքը, պատասխանատվության ենթարկվեն»:

Շուշան Դոյդոյանն ասաց, որ այս ամեն ինչի մեջ ինքն, այնուամենայնիվ, մի քիչ լավ բան էլ է տեսնում, հունվարից հետո, երբ կառավարության նիստերը փակվեցին լրագրողների առջեւ, երբ նախարարներին արգելվեց որեւէ բան խոսել լրագրողների հետ՝ առանց վարչապետի թույլտվության, քաղաքապետարանի դռները փակվեցին, չէր բացառվում, որ հիմա էլ օպերայի հրապարակում մի մեդիա կենտրոն կբացեն եւ կասեն՝ լրագրողներ, այդտեղից պետք է լուսաբանեք իրադարձություները. «Դա նույնպես լրիվ հնարավոր սցենար էր վերջին զարգացումների ֆոնին, լավ է, որ այդ էքսցենտրիկ քայլին չեն դիմել»:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն ասաց, որ լրագրողներին բռնության ենթարկել մի երկրում, որտեղ անընդհատ խոսում են դեմոկրատիայի մասին, անընդունելի է: Նա դիմեց ոստիկաններին՝ ասելով. «Մի՛ ծեծեք մեր լրագրողներին, ձեր ձեռքերը հեռու պահեք իրենցից»:

Հարցին՝ մի քանի տարի առաջ լուրեր էին շրջանառվում, որ նման թեժ իրադարձություններ լուսաբանելիս լրագրողներին հատուկ զրահաբաճկոններ տան, դա հիմա էլ արդիական չէ՞՝ Նունե Սարգսյանն ասաց, որ այդ դեպքում պետք է նաեւ հակագազեր տան, որովհետեւ պետք է լինում նաեւ հակագազ: Բայց, ըստ նրա, հատկապես վերջին շրջանում բոլոր լրագրողները կրում են տարբերանշաններ, ուստի ասել, որ նրանց չեն տարբերում ցուցարարներից, արդար չէ:

Շուշան Դոյդոյանն էլ ասաց, որ կան ֆեյսբուքյան օգտատերեր, որոնք հազարավոր հետեւորդներ ունեն եւ ուղիղ եթերում իրենց հետեւորդներին տեղեկատվություն են փոխանցում: Երբեմն նրանց հետեւորդների թիվն ավելի է, քան որոշ թերթերի, ուստի շատ հեղհեղուկ է՝ ով է լրագրող, ով՝ ոչ: Կարեւորն այն է, որ գիտակցեն՝ տեղեկատվություն ստանալու, փոխանցելու իրավունքը մեր սահմանադրական իրավունքն է:

Աշոտ Մելիքյանը Ռադիոյի տուն ներխուժելու հետ կապված ասաց, որ այդտեղ խախտում կար եւ Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, ներողություն խնդրեց եւ ասաց, որ ջարդած դռան համար պատրաստ է փոխհատուցել: Պարոն Մելիքյանը նկատեց, որ այդ գործով արդեն ձերբակալվածներ կան, բայց նույն օպերատիվությունը չեն տեսնում լրագրող Տիրայր Մուրադյանի դեպքում:

Պարոն Մելիքյանն ասաց, որ լրագրողական կազմակերպություններն այս օրերին շատ ուշադիր հետեւելու են իրադարձություններին եւ արձագանքելու են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30