«Մեր ակցիաները այսօր հաջողվել են, մեր գործողությունների ծավալը կրկնապատկվել է հանրապետության ողջ տարածքով: Շարունակում ենք նույն քաղաքական գծի մեջ մնալ: Բացառվելու են բռնությունները մեր գործողություններում, եթե նույնիսկ մեր կողմնակիցների նկատմամբ ոստիկանները բռնություն են կիրառում, մեր կողմնակիցները բռնությամբ չեն պատասխանելու: Մենք ունենք հանրության 80 տոկոսի աջակցությունը, Սերժ Սարգսյանը պետք հեռանա, այս հարցում երկու կարծիք լինել չի կարող»,- քիչ առաջ լրագրողներին ասաց «Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քայլերթի ժամանակ:
Անդրադառնալով 180-ից ավելի բերման ենթարկվածներին՝ ասաց՝ ինչքան մեծ է ցույցի մասնակիցների թիվը, այնքան մեծ է բերման ենթարկվածների թիվը:
Հարցին, թե հնարավո՞ր է բերման ենթարկվածները ոստիկանական բաժանմունքներում բացատրական աշխատանքներից հետո այլեւս չմիանան շարժմանը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Բացատրական աշխատանքների գնացքը վաղուց գնացել է, ՀՀ քաղաքացին ազատագրված է, նրան կանգնեցնել հնարավոր չէ: Ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը բացի աչքերը ու տեսնի՝ ՀՀ ժողովուրդը՝ Հայաստանում, Արցախում ու սփյուռքում իրեն մերժում է, ու ինքը պետք է հեռանա»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ երեկ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արված դիտարկմանը, թե եթե ինքը հեռանա ու Նիկոլ Փաշինյանը գա, արդյոք նա կունենա լեգիտիմ իշխանություն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ով լեգիտիմությունից խոսի, Սերժ Սարգսյանը տանձից ու մանդարինից պետք է խոսի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ