Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում Լապշինին հատուկ՝ մոր ծննդյան օրն են ծեծել, ատամները կոտրել, սպանելու փորձ արել

Ապրիլ 20,2018 17:03

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը երեք օրից կմեկնի Ստրասբուրգ, որտեղ կլսվի Ադրբեջանի դեմ նրա ներկայացրած բողոքը: Լապշինը կխոսի նաեւ, թե Ադրբեջանում ինչպես են ոտնահարվում մարդու իրավունքները:

Այսօր պարոն Լապշինը Երեւանում պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ մեկուկես ամիս առաջ հայց է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ ֆրանսիացի փաստաբաններն արդեն բողոքին ծանոթացել են, որի քննությունը, Ալեքսանդր Լապշինի կարծիքով, 1-2 տարի գուցե ձգվի:
Ինչի՞ վրա է հույսը դնում հարցին, պարոն Լապշինն ասաց, որ ինքը հույսը չի դնում, այլ՝ չի կասկածում:

«Մենք նրանց մեղադրում ենք Բաքվի բանտում մահափորձի համար, իմ իրավունքները խախտելու, անօրինական կալանքի տակ պահելու, էքստրադիցիայի կանոնները խախտելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում

Aravot.am-ի հարցին, թե ներկայումս կա՞ն ճնշումներ, սպառնալիքներ Ադրբեջանի իշխանությունների կողմից, Ալեքսանդր Լապշինն ի պատասխան ասաց, որ ինքը շատ լավ հասկանում է՝ ինչ-որ ասում է՝ Ադրբեջանում մոնիտորինգի են ենթարկում. «Ես գիտեմ, որ հիմի էլ նստած են էկրանների առաջ ու արձագանքում են իմ խոսքերին: Նրանք թող ծախսեն քաղաքական եւ ֆինանսական ռեսուրսներ եւ որքան շատ նրանք ծախսեն միջոցներ իմ դեմ պայքարելու, այնքան քիչ կկարողանան զենք գնել»:

Ալեքսանդր Լապշինն ասաց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ինքը պատմելու է, թե ինչպես են ադրբեջանական բանտում իրեն ծաղրանքի ենթարկել, իրավունքները խախտել, զրկել արտաքին աշխարհի հետ շփվելու հնարավորությունից, վերջին օրն էլ, երբ մոր ծննդյան օրն է եղել, փակել են խցում, ծեծել, խեղդել, կոտրել ատամները, կողոսկրերը, եւ երբ Լապշինն անգիտակից վիճակում է եղել, վզին հագցրել են գոտի եւ կախել զուգարանում, որպեսզի լրատվամիջոցներին հայտարարեն, թե Լապշինն ինքնասպան է եղել. «Դա իմ մայրիկի ծննդյան օրն էր, ես կարծում եմ, որ հատուկ էին ընտրել այդ օրը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին՝ գնալո՞ւ է Արցախ, պարոն Լապշինն ասաց, որ այս անգամ Ստրասբուրգ գնալու պատճառով չի հասցնի:

Ալեքսանդր Լապշինի կարծիքով՝ Ադրբեջանը դաժան, տոտալիտար պետություն է՝ կլանների կողմից կառավարվող. «Նրանք փորձում են իրարից իշխանությունը խլել, իսկ ինձ օգտագործել իրենց ներքին խնդիրների համար: Ապացուցել, որ Ալիեւը ուժեղ առաջնորդ է եւ կարող է չհարգել օրինակ՝ Ռուսաստանի, Իսրայելի եւ Եվրամիության կարծիքը»:

Հարցին, թե հույս ունե՞ր, որ իրեն բաց կթողնեն, պարոն Լապշինն այսպես պատասխանեց. «Ես միշտ մտածել եմ, որ մեր եւ ձեր նախնիները ցեղասպանությունից եւ հոլոքոստից հետո, եթե կենդանի են մնացել եւ մնացել սթափ ուղեղով ու կառուցել իրենց պետությունները, ապա ես էլ կհաղթահարեմ Ադրբեջանում ինձ հետ տեղի ունեցածը»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե կրկին կգնա՞ Բաքու, պարոն Լապշինն ասաց՝ եթե այնտեղ ընդդիմությունը հաղթի եւ գա իշխանության, ապա՝ այո:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30