«Լրագրողների նկատմամբ մեկ շաբաթ շարունակվող բռնությունները նաեւ այսօր իր շարունակությունը ստացավ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրած ասուլիսում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա նշեց, որ երեկ դեռ Sut.am-ի լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնությունը դատապարտում էին, այսօր նույն լրագրողի նկատմամբ նորից ոստիկանները տարօրինակ պահվածք դրսեւորեցին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ լրագրողները պետք է պատշաճ հեռավորություն պահեն ոստիկաններից, մինչդեռ Աշոտ Մելիքյանը գտնում է, որ դա շատ սուբյեկտիվ մոտեցում է, քանի որ լրագրողները պետք է լինեն այնտեղ, որտեղ իրադարձություններն են զարգանում. «Այս տիպի հայտարարությունները, ես կարծում եմ, որ մանիպուլյատիվ են եւ կարող են էլ ավելի սրել իրավիճակը՝ այն առումով, որ ցանկացած ոստիկան կարող է ոչ պատշաճ հեռավորություն սահմանել լրագրողի հանդեպ եւ սկսել խոչընդոտել նրա աշխատանքը: Լավ կլիներ, որ ոստիկանությունն իր գործողություններին հետեւեր: Էլ չեմ ասում, որ Տիրայր Մուրադյանի նկարը դեռ նախորդ օրը ամբողջ համացանցում տարածված էր, չեմ կարծում, որ այդ բարձրաստիճան սպան չէր տեսել եւ չգիտեր նա ով է: Երբ լրագրողը ներկայանում է իր բեյջով՝ տարբերանշանով, չի կարելի նման մոտեցում ցուցաբերել ու համարել, որ սխալմունք է եղել: Իսկապես վրդովմունք է առաջացնում ոստիկանների այդ պահվածքը»:
Ըստ Աշոտ Մելիքյանի, հենց մեր երկրում քաղաքական-հասարակական մթնոլորտը մի քիչ լարվում է, լրագրողները դառնում են հարձակումների թիրախ եւ այս դեպքերը բացառություն չէին. «Շարժման առաջին իսկ օրվանից մենք ականատես եղանք տարբեր տեսակի խոչընդոտումների, հետապնդումների, երբ լրագրողը դադարեցնում է նկարահանումը, փորձում է հեռանալ, բայց ոստիկանության անունից գործող, քաղաքացիական անձինք հետապնդում են: Սա ավելի շատ մոտենում է հաշվեհարդարին:
Պարոն Մելիքյանը կոչ արեց ոստիկանությանը եւ դատախազությանը պատշաճ մոտեցում ցուցաբերել եւ բացառել այն գործողությունները, որոնք կարող են կաշկանդել լրագրողական գործունեությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի