«Առաքելություն» կուսակցությունը համերաշխություն է հայտնում Երևանում և հանրապետության մարզերում իրենց բողոքը ներկայացնող խաղաղ ցուցարարներին, մասնավորապես նոր սերնդին, ովքեր իրենց հրապարակային ակտիվությամբ անհամաձայնություն են հայտնում երկրում ստեղծված քաղաքական և իրավական իրավիճակի վերաբերյալ:
Կուսակցությունը կոչ է անում իշխանություններին՝ զերծ մնալ ուժի գործադրումից, մասնավորապես քաղաքացիական հագուստով ոստիկանական և թիկնապահային խմբերին հերթական անգամ չդարձնել սադրանքների հեղինակ, ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին՝ խուսափելով ավելորդ լարվածությունից:
Միևնույն ժամանակ, կուսակցությունը քննարկման է առաջարկում իրավիճակի հանգուցալուծման հետևյալ ճանապարհային քարտեզը՝
-Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձևավորում,
-Խորհրդարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների անհապաղ նախաձեռնում և ընդունում, մասնավորապես ամրագրելով առնվազն այն, որ միևնույն անձը չի կարող երկու անգամից ավել զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ընդ որում 1995թ և 2005թ Սահմանադրություններով նախագահի պաշտոնը զբաղեցրած անձինք չեն կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում,
-Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո՝ Սահմանադրության փոփոխությունների անցումային դրույթներում ներառվելիք հոդվածի ուժով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում,
-Վերը նշված Սահմանադրական փոփոխությունների և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման և արդարության պատասխանատվությունը ժամանակավոր կառավարության հետ պետք է կիսի նաև գործող Նախագահը:
«Առաքելություն» կուսակցության
քաղաքական խորհուրդ
20.04.2018թ