Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց, որ իրենց քոլեջից երկու հոգու ոստիկանությունը բերման է ենթարկել, մեկին ապրիլի 19-ին, մյուսին 20-ին:
«Թերլեմեզյանի ուսանողները վառ անհատականություններ են, մշակութային դաշտի ներկայացուցիչներ: Կան որոշակի թվով ուսանողներ, որոնք հստակ քաղաքացիական դիրքորոշում ունեն եւ բացարձակ ազատ են այն արտահայտելու: Ես, որպես կրթական հաստատության ղեկավար, որտեղ սովորում է 350-ից ավելի անչափահաս երեխա, բացառում եմ կրթական հաստատության ներգրավվածությունը որեւէ քաղաքական նախաձեռնության մեջ: Եթե երեխան տանից, ծնողների գիտությամբ ուզում է մասնակցել ցույցերի, արտահայտել իր քաղաքացիական դիրքորոշումը, նա բացարձակ ազատ է:
Մեր դռները առաջին իսկ օրվանից մեկ վայրկյան չեն փակվել: Բնականաբար բացակայությունները շատ են քոլեջում այս պահին, բայց մյուս կողմից էլ` իմ երեխեքից շատերը բացարձակ ցանկություն չունեն մասնակցելու ցույցերի: Այդ համակազմն էլ կա, որ գալիս է իրենց արվեստանոցներում աշխատելու: Այսօր մեր քոլեջ ներխուժեցին երիտասարդներ` դասադուլ, դասադուլ կոչերով եւ երբ տեսան, որ երեխեքը տեղներից չեն շարժվում, նայեցին ինձ ու հարցրին` դուք արգելո՞ւմ եք: Այդքան երեխա վկա է, որ մեր դռները ոչ մի օր չեն փակվել»,-հայտնեց տիկին Մնացականյանը:
Նա կրկին շեշտեց, որ հստակ քաղաքացիական դիրքորոշում ունեցողներին էլ ոչ ոք ոչինչ չի արգելում. «Կան երեխեք էլ, որ ընդհանրապես նման հետաքրքրություն չունեն ու մարդիկ, որոնք փորձում են ներգրավել այդ երիտասարդներին ցույցերում, կրթական հաստատությունները խառնել այդ ամենին, խորապես անբարո քայլ են անում: Չի կարելի…Ես` որպես կրթական հաստատության ղեկավար, պատասխանատու եմ այստեղ սովորող անչափահաս երեխաների համար: Եթե երեխան ուզում է մասնակցել, ինքը բացարձակ ազատ է` բայց ծնողի գիտությամբ»:
Ապա հավելեց. «Ես Քաղաքագիտության հիմունքներ եմ դասավանդում, վստահեցնում եմ, որ ունենք անհավատալի հետաքրքիր սերունդ: Դրսում եւս երիտասարդների մեծ մասը պայծառ, լուսավոր մարդիկ են, որոնք ասելիք ունեն, դրա համար էլ ելնում են փողոց: Ցույցերի կազմակերպիչները, որ այդ մարդկանց դուրս են հանել, իրենց էլ են հարցեր տրվելու եւ արդեն տրվում են, իրենք էլ պետք է մտածեն, թե ինչ են պատասխանելու այդ երիտասարդներին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ