Այսօր «InTour Expo» եւ «SportWay» ցուցահանդեսների բացման արարողության ժամանակ, որին ներկա էր նաեւ հայտնի ճանապարհորդ եւ բլոգեր Ալեքսանդր Լապշինը, «SIAS» անվտանգության ակադեմիայի սաները, ապացուցելու համար, որ Հայաստանը զբոսաշրջության համար որքան անվտանգ երկիր է, «առեւանգված» Ալեքսանդր Լապշինին, անվտանգ «փրկեցին» ու ազատ արձակեցին:
Միջոցառումը տեղի ունեցավ «Երեւան Էքսպո կենտրոնում», որտեղ ներկայացված էին Հայաստանում տուրիզմի հնարավորությունները:
Պարոն Լապշինին հրավիրել էին՝ ծանոթացնելու մատչելի զբոսաշրջության հնարավորություններին:
Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ Ալեքսանդր Լապշինը կարծիք էր հայտնել, որ դեպի Հայաստան ավիատոմսերը թանկ են, մատչելի հյուրանոցներ էլ կենտրոնում չկան եւ այլ, որին հետեւել էր Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի պատասխանը:
Պարոն Լապշինը սակայն իր ելույթում այդ հարցին չանդրադարձավ, միայն շնորհակալություն հայտնեց հայ մարդկանց, որ ադրբեջանական բանտում գտնվելու ժամանակ իր կողքին են եղել. «Ես զգում էի, որ ես մենակ, չեմ, երբ ինձ անօրինական պահում էին ադրբեջանական բանտում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ