Այս պահին Արշակունյաց պողոտայում երթեւեկությունը վերականգնված է: Սակայն վարորդներից մեկը, ի նշան բողոքի, ինքնակամ որոշեց փողոցի լայնությամբ շրջել մեքենան ու կայանել հորիզոնական դիրքով:
Մի խումբ ոստիկաններ փորձեցին սաղավարտներով, ձեռքերով ճոճելով մեքենան տանել, մեքենան գրեթե շրջվում էր, սակայն նրանց հաղորդեցին, որ ճանապարհային ոստիկանների են հրավիրել, նրանք այդ վարորդի հարցով կզբաղվեն:
Ավելի ուշ ոստիկանները զգուշացրեցին՝ «մեքենան դուրս բերեք, հակառակ դեպքում էվակուատորով՝ ավտոքարշակով կհանենք, լսեցի՞ք, պա՞րզ է»:
Վարորդն անդրդվելի է, հրաժարվում է տեղաշարժվել:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն ասաց, որ անվտանգության կանոններից ելնելով՝ արգելվում է տարհանել տրանսպորտային միջոցը, եթե մեքենայում մարդ կա: Իսկ կայանած մեքենայից վարորդը դուրս չի եկել: Այնուամենայնիվ, ճանապարհային ոստիկաններն ասացին, որ եթե վարորդը չի ենթարկվում իրենց պահանջին, իրենք դանդաղ ընթացքով կփորձեն տարհանել մեքենան:
Ակտիվիստները ոստիկանական ուժեր տեղափոխող ավտոմեքենաների դիմապակիների վրա թռուցիկներ ու ցուցապաստառներ են փակցրել՝ «Մերժիր Սերժին, դուրս արի փողոց», «Դու ունես 2250 դոլար պարտք» եւ այլն: Խոսքը ՀՀ արտաքին պարտքի մասին է՝ յուրաքանչյուր քաղաքու վրա բեռը այդքան է կազմում:
Փողոցներում երթեւեկող մեքենաները, ի նշան աջակցության, շարունակում են ազդանշաններ արձակել:
Սարյան-Թումանյան հատվածում «ազատ, անկախ ուսանող» կոչերով փողոցը փակել են մի խումբ ուսանողներ: Նրանք ասում են, որ պայքարում են անկախ երկրի համար, այպիսի երկրի, որտեղ ուսանողները իրենց վճարած վարձավճարների դիմաց կստանան համապատասխան գիտելիքներ, զեղչեր կտրվեն արժանավորներին:
Ոստիկաններին հաջողվեց ուսանողներին հանել փողոցից եւ վերականգել այդ հատվածում երթեւեկությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ