Այս պահին Կասյան փողոցի երթեւեկությունը դադարեցված է: Երթի մասնակիցները փակել են փողոցը եւ քաղաքացիներին հորդորում են միանալ իրենց բողոքի ցույցին: Երթը հսկող մի քանի տասնյակ ոստիկաններ պատ էին կազմել՝ թույլ չտալով երիտասարդներին առաջ գնալ:
Մի երիտասարդի հետ էլ թեթեւ ընդհարում եղավ. նա ավտոմեքենայով կանգնել էր փողոցի մեջտեղում եւ ոչ առաջ էր շարժվում, ոչ էլ հետ, ոստիկանները չէին կարողանում նրան համոզել ճանապարհը բացել: Քաղաքացիներից մեկն ասաց, որ ինքը տեսավ, որ այդ տղայի ավտոմեքենայի մեջ ոստիկանները ինչ-որ բան գցեցին: Մյուս քաղաքացիներն էլ արձագանքեցին, թե գլխներին սարքում են, որ հիմքեր ունենան միտինգներից հետ պահելու:
Բանակցություններից հետո երիտասարդը նստեց մեքենան եւ ճանապարհից դուրս եկավ, սակայն երթի մյուս մասնակիցները հրաժարվեցին ենթարկվել ոստիկանների ցուցումներին եւ շարունակեցին ճանապարհը փակ պահել:
Հարեւան շենքերի պատուհաններից քաղաքացիները ողջունում, ծափահարում էին, վանկարկելով, որ իրենց հետ են: Նրանք նաեւ տեսանյութեր եւ լուսանկարներ էին անում:
Մոտ 20 րոպե պայքարից հետո ոստիկանները որոշեցին իրենց պատը քանդել եւ հեռանալ, ինչը ուղեկցվեց ծափահարություններով ու երիտասարդների վանկարկումներով. «Ոստիկան, դու մեր ախպերն ես, ձեր ցավը տանենք»:
Փողոցը դեռ փակ է, բայց երիտասարդները փորձում են նոր քաղաքացիներ ներգրավել իրենց շարքերը, որպեսզի հետո առաջ շարժվեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ