Մաշտոցի պուրակի մոտակայքում, երբ ցուցարարներն Ամիրյան փողոցից շարժվել էին դեպի Մաշտոցի պողոտա, ոստիկանները, լրագրողներին շփոթելով ցուցարարների հետ, փորձեցին նրանց բերման ենթարկել:
Երբ ցուցարարները քայլում էին Մաշտոցի պողոտայով, լսվեցին ոստիկանական մեքենաների ազդանշաններ, ոստիկանները ժամանեցին, դուրս եկան փողոց ու սկսեցին մարդկանց բերման ենթարկել: Նախնական տեղեկություններով՝ կան շուրջ 5 հոգի բերման ենթարկվածներ:
Երբ ոստիկանները բերման էին ենթարկում, մի պապիկ խառնվեց՝ այ տղա, թող: Մի տատիկ էլ կողքից միջամտեց՝ այ տղերք, ո՞ւր եք տանում: Իսկ ոստիկաններն ասում էին՝ «նստի ավտոն, իյա», մտցնում ոստիկանական մեքենա:
Ոստիկանները փորձեցին բերման ենթարկել անգամ լրագրողներին, մասնավորապես՝ News.am-ի և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին: News.am-ի լրագրող Գայանե Սարիբեկյանը «Ազատության» ուղիղ եթերում հայտարարեց. «Դիտավորություն չկար, ինչպես Տիրայր Մուրադյանին բերման ենթարկելիս, պարզապես շփոթել էին մեզ ցուցարարների հետ»:
Նշենք, որ 0156 Ֆորդ մակնիշի ոստիկանական մեքենայով բերման ենթարկվեցին առնվազն 4-5 հոգի:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը, մոտենալով մի միջին տարիքի տղամարդու, նրան ասաց, որ ցույցի մասնակիցները կասկածում են, որ նա քաղաքացիական հագուստով ոստիկան է և նա է զանգում կանչում ոստիկաններին: Այդ անձը, չցանկանալով ներկայանալ, պատմեց. «Ես հայկական բանակի չոռնի բերետ կռվող տղա եմ: Մեռնեմ քեզ: Այ, ցավդ տանեմ, գիտես՝ քանի երեխայի եմ փրկել, ինձ տեսնողները բոլորը գիտեն»:
Ցուցարարներից մեկն էլ ուղիղ եթերում հայտարարեց, թե հենց նոր իրեն ոստիկանները բռնեցին ու որ տեսան՝ այլ ոստիկաններ չկան, բաց թողեցին:
Այդպիսով ոստիկանները ցրեցին Մաշտոցի պողոտայով ընթացող խաղաղ երթը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ