150 երիտասարդ նախ Մաշտոցի պողոտայով երթով շարժվեց դեպի Ամիրյան խաչմերուկ: Ավելի վաղ նրանք Աբովյան փողոցում էին: Երիտասարդները անցորդներին կոչ են անում միանալ իրենց: Ոստիկանությունը բարձրախոսով հայտարարեց, որ հավաքն անօրինական է, եւ հավաքին մասնակցող անձինք ենթակա են պատասխանատվության:
Ամիրյան-Մաշտոցի խաչմերուկում երկու ուսանող փորձեցին նստել գետնին եւ փակել փողոցը, սակայն երբ ոստիկանները մոտեցան, նրանք վեր կացան եւ ասացին, որ կշարունակեն երթը:
Երիտասարդները հասնելով որեւէ խաչմերուկ, այդ պահին էին որոշում, թե որ փողոցով անցնեն: Նրանք չէին ցանկանում բախում ունենալ ոստիկանության հետ: Վանկարկում են «Միացեք», «Ոստիկանը մերն է», «Դասադուլ»:
Երիտասարդները մոտեցան Կինոյի եւ թատրոնի ինստիտուտին, կոչ արեցին միանալ իրենց: «Ժողովուրդ, թող թատերականը մնա ստեղ»,-բացականչեց այդ բուհից մի երիտասարդ: Թատերականի ուսանողներն ասացին, որ ավելի ուշ կմիանան մյուսներին:
12:36-ի դրությամբ երիտասարդները փորձում են փակել Սարյան փողոցը: Այդ փողոցում երթեւեկությունը կանգնել է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ