Լավ, ենթադրենք, Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ հրաժարվում է ՀՀ վարչապետ լինելուց եւ երիտասարդ կադրերին թրծելու գործը վստահում էՙ օրինակ Գալուստ Սահակյանին կամ գեներալ Մանվելին, Նիկոլն ի՞նչ է անելու եւ ի՞նչ է ասելու բազմահազար ժողովրդին, գնացեք տո՞ւն, պայքարն ավարտվեց, եւ մենք հաղթեցի՞նք: Չէ՞ որ կոնկրետ այս պայքարի հիմնական (եթե չասեմՙ միակ) նպատակը Սերժին մերժելն է: Է, մարդն էլ հայտարարում է, որ հրաժարվում է վարչապետի պաշտոնից, մնում է ՀՀԿ նախագահ, վարչապետի թեկնածու է առաջադրում, օրինակ Արմեն Աշոտյանին, որն ամեն օր, աշխատանքից հետո գնալու է ՀՀԿ գրասենյակ ու կուսակցության նախագահին զեկուցի, թե ինչ է արել այսօր ու մանավանդ ինչ է անելու վաղը: Իսկ եթե հանկարծ վարչապետը չենթարկվի կուսակցությանը, ապա կուսակցությունն արագ նրան պաշտոնանկ կանիՙ նշանակելով ավելի ենթարկվող վարչապետի: Նիկոլը սա՞ է ուզում: Եթե ոչ, ապա ինչո՞ւ է մարդկանց պայքարի հանելՙ «Մերժիր Սերժին» կոչով:
Ուրիշ բան պատկերացնենք. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, ՀՀԿ-ն էլ հրաժարվում է իշխանությունից: Ի՞նչ է լինելու հետո: ԱԺ նոր ընտրություննե՞ր, այսինքն` այս խորհրդարանը լեգիտիմ չէ՞, ուրեմն Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ պատգամավոր չէ՞: Ենթադրենք չէ, պատկերացնենք ԱԺ նոր ընտրություններ են, դրանց ՀՀԿ-ն մասնակցելո՞ւ է, թե՞ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ այս կուսակցության բոլոր անդամները դատվեն:
Ես հասկանում եմ, որ Հայաստանում իշխանությունների դեմ պայքարը այնքան սուրբ է, որ այն տանողներին հարցեր չեն տալիս, բայց այնուամենայնիվ, ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը, ինչո՞ւ չի ասում: Ոչինչ, որ քաղաքական ծրագիր չունի. ՀՀԿ-ն ունի, հետո ի՞նչ: Նիկոլ Փաշինյանը քաղաքական նպատակ չունի եւ հանուն իրեն հրապարակ եկածների բազմություն եւ ուժային գոնե մեկ կառույցի նկատմամբ վերահսկողություն… Եվ նա դա հրաշալի հասկանում է:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում