Անկախ նրանից, թե ո՛վ է կազմակերպիչը, բարձրաձայնվող նպատակներից բացի` ի՛նչ հեռահար նպատակներ կարող են լինել արդեն ութ օր Երեւանի կենտրոնում հանրահավաքային գործունեություն ծավալող Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների խորը մտքերում` փողոց են դուրս եկել մեր երիտասարդներն ու ուսանողները, որոնց համար անցյալի տաբուները նշանակություն չունեն, նրանք չեն շնչել սովետական օդը եւ կարող են կոտրել բոլոր տաբուները:
Սա պետք է ընդունի իշխանությունը, որի ոստիկանության իբր բարեփոխված, սակայն անցյալի կարծրատիպերից դուրս չեկող գործողությունները թույլ են տալիս եզրակացնել, որ իշխանությունն ընթանում է փողոցում գործունեություն ծավալող երիտասարդությունից բավականին հետ դիրքում` թե՛ քայլերի արդյունավետության, թե՛ ձեռնարկած հակամիջոցների ճկունության առումով, կամ ինչպես հեռուստատեսային ժարգոնով ընդունված է ասել` սինքրոնից ընկած վիճակում է:
Երիտասարդները նախաձեռնող ու հնարամիտ են, ամեն օր նոր կարգախոսներ ու տեխնոլոգիաներ են կիրառում, նրանց այն հատվածը, որ քաղաքացիական հասարակություն անվանված կազմակերպություններին է հարում, բավական վարժ կիրառում է արեւմտյան տեխնոլոգիաները, իսկ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի գործողությունների հիմնական կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի կողմից ամեն օր ներդրվող տեխնոլոգիական նորամուծությունների պատճառով մեր ոստիկանությունը պարզապես հազիվ է հասցնում հակաքայլեր ձեռնարկել, ընդ որում` նրանցից շատերն անհամարժեք եւ ավելորդ են թվում:
Չգիտենք` Նիկոլը միայնա՞կ է մտմտում իր քայլերը, թե՞ նրա գործողությունները չերեւացող համակարգողներ կան, ինչպես որ լսում ենք իրապես դժգոհ, բայց ցույցերին չմիացող շատ շրջանակներից, սակայն դա առանձին խոսակցություն է:
Իսկ ավելի քննարկելին այստեղ այն է, որ Փաշինյանը կարողացավ աշխարհում հայտնի շատ տեխնոլոգիաներ տեղայնացնել արդեն քսան օր տեւող իր միջոցառումների ժամանակ, միշտ առաջ անցնել իրավապահներից անսպասելիության գործոնով եւ մարտավարությունն ըստ իրավիճակի ճկուն փոխելուց չհոգնել: Քայլերի անսպասելիությամբ եւ իր գաղտնապահությամբ Փաշինյանն անգամ գերազանցեց Սերժ Սարգսյանին:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում