Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողները, որ տարածում են՝ սա Մասիսի քաղաքապետի եղբայրն է, իրո՞ք բազմակողմանի ուսումնասիրել են դեպքը, եւ թե արդյոք ինչից է սկսել միջադեպը». Նորայր Հակոբյան. «Հրապարակ»

Ապրիլ 20,2018 11:40

Ապրիլի 16-ին, ինչպես հայտնի է, մայրաքաղաքի կենտրոնում՝ Կորյուն-Հերացի խաչմերուկում, հերթապահություն իրականացնող բազմաթիվ ոստիկանների աչքի առաջ միջադեպ տեղի ունեցավ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» ակցիայի մասնակիցների եւ այդ վայրով երթեւեկած ավտոմեքենաներից մեկի՝ Մերսեդես G500-ի ուղեւորների միջեւ. մեքենայի վարորդն ու ուղեւորները՝ մոտ 4 հոգի, ակնհայտ ագրեսիվ վարքագիծ ցուցաբերելով, հարձակվեցին ցուցարարների վրա եւ հարվածներ հասցրին նրանցից մեկին: Տեսագրությունն արագորեն տարածվեց սոցցանցերում եւ մամուլում, որպես միջադեպի գլխավոր հերոս-բռնարար՝ շրջանառվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռի անունը: Դ. Համբարձումյանը, հիշեցնենք, ամուսնացած է ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետի դստեր հետ, եւ, հավանաբար, այս հանգամանքն է պատճառը, որ մինչ այժմ ոստիկանությունը «չի կարողանում» պարզել, թե ով կամ ովքեր են հիշյալ միջադեպի մասնակիցները, ու իրավական պատասխանատվության կանչել: Առայժմ նյութեր են նախապատրաստվում:

Արդեն մի քանի օր է՝ փորձում ենք կապ հաստատել Դ. Համբարձումյանի հետ՝ անձամբ նրանից ճշտելու միջադեպին իր եղբոր մասնակցության մասին լուրը, սակայն՝ ապարդյուն: Քաղաքապետը ճիշտ ժամանակին՝ ապրիլի 9-ից, հնգօրյա վճարովի արձակուրդ է գնացել, որը պետք է ավարտվեր ապրիլի 16-ին, սակայն, ինչպես պարզեցինք, նույն՝ 16-ի միջադեպի օրը, քաղաքապետը որոշել է կրկին արձակուրդի գնալ՝ այս անգամ 10 օր տեւողությամբ, եւ կվերադառնա մայիսի 3-ին: Քանի դեռ Համբարձումյանն արձակուրդում է, նրա պարտականությունները դրված են քաղաքապետի տեղակալ Նորայր Հակոբյանի վրա, ում հետ էլ զրուցեցինք:

– Դուք տեղյա՞կ եք՝ քաղաքապետի եղբա՞յրն էր հայտնի միջադեպի մասնակիցը:

Ես խնդրում եմ՝ անձնական մասով ինձ հարցադրումներ մի տվեք: Ես որքան գիտեմ, քաղաքապետի եղբոր մեքենայի համարները վերջին տարիներին եղել են 06-660 կամ 60-660՝ լավ չեմ հիշում էս պահին: Իսկ մակնիշը ոնց որ իր մեքենայի մակնիշը չէր: Այսքանը կարող եմ ասել: Ինչ վերաբերում է՝ քաղաքապետի եղբայրն էր, թե ոչ, սա արդեն համայնքային իշխանության ծառայողից եւ քաղաքապետի պաշտոնակատարի իրավունքներից դուրս է:

– Բայց Դուք շատ մտերիմ եք քաղաքապետի եւ նրա եղբոր հետ, ե՛ւ քաջատեղյակ եք, ե՛ւ, վստահաբար, տեսագրությունը դիտել եք, որտեղ ֆիքսված է դեմքը:

Ես սոցցանցերում տեսել եմ, որ ուղիղ նկարն են տարածում, թերթերը եւ կայքերը գրում են, որ ինքն է եղել, բայց տվյալ պահին ինքն արդյոք դեպքի վայրում եղել է, թե չի եղել, դեռ չեմ կարող ասել, որովհետեւ վիդեոձայնագրությունից պարզ է դառնում, որ ինքը չէ: Բայց իր անձնական ֆեյսբուքյան էջից վերցրել են նկարներ ու տարածում են, որ քաղաքապետի եղբայրն է, ես չգիտեմ՝ սա ինչ միտում է: Եվ արդյոք լրագրողները, որ տարածում են՝ սա Մասիսի քաղաքապետի եղբայրն է, իրո՞ք բազմակողմանի ուսումնասիրել են դեպքը, եւ թե արդյոք ինչից է սկսել միջադեպը՝ դա արդեն ոչ ոք չի գրում: Ուղղակի բոլորն ասում են՝ խաղաղ ցուցարարներ, երթ, չգիտեմ ինչ…

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30