Քիչ առաջ ոստիկանները բացեցին Երևան-Աբովյան մայրուղին: Այստեղ երեխաներն էին փողոցը փակել, և ոստիկանները նրանց հրելով՝ բացել են փողոցը:
Մի քաղաքացի, որը ներկայացավ որպես Միավորված կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, վրդովված ասաց. «Այս երեխայի մորը ծեծելով, կույրաղիքին խփելով՝ առանց ոստիկանական հագուստի մարդիկ կենտրոնից բերման են ենթարկել կենտրոն բաժանմունք ակցիայի համար՝ Դավիթ Սանասարյանի հետ մեկտեղ»:
Մեկ այլ երիտասարդ սկսեց գոչել. «Օրենքի պաշտպան ոստիկանն աղջիկ երեխա է ծեծում՝ ունքը բացած, պռոշը տրաքած, այդ աղջիկն այս բոլոր ոստիկանների պատճառով չի տեսնում: Դուք տե՞ր եք դրա համար, ոչ էլ ձեր տերերը կարող են տեր լինել»:
Այստեղ կան նաև Իջևանից եկած ցուցարարներ:
Նշենք, որ 30-40 րոպե առաջ մի խումբ ուսանողներ փակել էին նաև Արշակունյաց պողոտան, ցուցարարներից 5-6-ին բերման են ենթարկել:
Երևան-Աբովյան մայրուղուց երեք անձ բերման ենթարկվեց քաղաքացիական հագուստով անձանց կողմից: Մայրուղու վրա բավականին մեծ խցանում է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ