Aravot.am-ը «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանից մեկնաբանություն խնդրեց ապրիլի 19-ին ընկերությունում կատարվածի վերաբերյալ. աշխատակիցների պնդմամբ՝ հանվել էին Սերժ Սարգսյանի նկարները:
«Միայն Սերժ Սարգսյանի նկարների մասին չէ խոսքը, մեզ մոտ հանվել են բոլոր նկարները: Մեր ֆոտոցուցասրահում շուրջ հարյուր նկար էր կախված, դրանք հանվել են իմ հրահանգով: Մեզ մոտ Սերժ Սարգսյանի առանձին նկար չկա, եւ ընդհանրապես որեւէ մեկի առանձին նկար չի եղել: Ընդ որում, ոչ թե աշխատակիցներն են հանել, այլ իմ հրահանգով՝ անվտանգության աշխատակիցները: Ես հանդիպել եմ մեր աշխատակիցների հետ եւ իրենց ասել եմ, որ որեւէ անձի հետ կապված որեւէ խնդիր չկա, մենք նախաձեռնել եւ ֆինանսավորում ենք պետական նշանակության մի շարք միջոցառումներ, համագործակցում ենք կառավարության հետ: Դրանք մեր ընկերության ղեկավարության նկարներն են՝ մեր հանրապետության ղեկավարության հետ: Զարմանքով կարդացի, թե ֆեյսբուքում ինչ են գրում, իբր կտրտված նկարներ ու չգիտեմ ինչ, մինչդեռ մեզ մոտ նորմալ աշխատանքային պայմաններ են»,-ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրենը:
Նրա ձեւակերպմամբ. «Համաշխարհային առաջատար ընկերությունը քաղաքականությունից զերծ է: Ցանկացած մարդ, ով ուզում է իր քաղաքացիական դրսեւորումը ցույց տալ, մենք չեն բռնանում ոչ մեկի կամքի վրա, բայց նա դա կարող է անել աշխատանքից դուրս, ընդմիջման ժամանակ, շաբաթ-կիրակի օրերին: Այն մարդիկ, որոնք դա անում են աշխատանքի ժամին, բնականաբար դա անընդունելի է մեզ համար»:
Մեր դիտարկմանը, որ իրենց աշխատակիցները նաեւ բողոքի ավտոերթի են մասնակցել, անգամ մեկին ոստիկանությունը բերման է ենթարկել, Հովիկ Մուսայելյանը պատասխանեց. «Այո, ավտոերթի մասնակցել են: Աշխատանքից հետո ով ինչ երթի ուզում է, թող մասնակցի, դա յուրաքանչյուրի անձնական գործն է: Ընկերությունը գլոբալ, վերազգային ընկերություն է, բացարձակապես դուրս է քաղաքականությունից: Մեր ընկերության մեջ աշխատակիցները տարբեր կուսակցությունների ու խմբակցությունների մեջ են,բայց երբեք որեւէ ձեւով մեր ընկերության տարածքը չի կարող լինել քաղաքական ակցիայի տեղ»:
Նրա խոսքերով. «Նկարների հանելը քաղաքական բնույթ չի ունեցել, եղել է պահանջ մի շարք աշխատակիցների կողմից, որ հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ խնդրում ենք հանել: Ես էլ հրահանգել եմ հանել բոլոր նկարները: Մեզ մոտ որեւէ գործադուլ չկա, «Սինոփսիսում» հազար մարդ է սովորում ու աշխատում, եւ եթե այդ հազարից մի հիսունը ինչ-որ բան է անում, դա չի նշանակում, թե դա բոլորը ողջունում են»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ