ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այս պահին հեղափոխություն չի տեսնում փողոցում, բայց տեսնում է ժողովրդի արդարացի դժգոհություն։ Կմիանա՞ «Ծառուկյան դաշինքը» փողոցում ընդվզող ժողովրդին, Պետրոսյանը չի կարող դաշինքի անունից պատասխանել։ Ինքն այս պահին կմնա ԱԺ-ում եւ այնտեղ կշարունակի իր գործունեությունը, սակայն չի բացառում, որ ինչ-որ պահի կարող է հայտնվել նաեւ փողոցում։ «Ես այն ժամանակ կհայտնվեմ փողոցային պայքարում, երբ համոզվեմ, որ իմ մասնագիտական կարողությունները կարող եմ դրսեւորել փողոցում, այլ ոչ թե Ազգային ժողովում»։
– Պարոն Պետրոսյան, Դուք կարծում եք, որ Ազգային ժողովում հնարավո՞ր է հեղափոխություն անել, եւ մինչ այս պահն ի՞նչ եք արել, որը մարդկանց կյանքում որակական փոփոխություններ է բերել։
Դուք շատ լավ հասկանում եք, որ ԱԺ-ում հեղափոխություն անելը ո՛չ խելամիտ է, ո՛չ էլ հնարավոր։ Խոսքն այն մասին է, որ մենք, որպես պատգամավորներ, մեր գործառույթները պատշաճ իրականացնում ենք։
– Բայց ձեր խմբակցությունը մշտապես դժգոհում է, որ կառավարությունը մերժում է ձեր ներկայացրած նախագծերը։
Ես չունեմ իրավունք, որպեսզի դանակի սպառնալիքով հետապնդեմ մեր նախագծերը մերժող պատգամավորներին կամ կառավարության ներկայացուցիչներին։ Մենք ամեն ինչ անում ենք, հանդես ենք գալիս մեր քննադատական ելույթներով, մեր քվեարկություններով, բայց այսօր անցնել օրենքով արգելված միջոցառումներին, ես անձամբ չեմ պատրաստվում։ Եթե ես գնամ նման միջոցառումների, ուրեմն վայր պետք է դնեմ պատգամավորական մանդատս։ Ոչ թե նրա համար, որ մանդատի բույրն այդքան գայթակղիչ է, այդ պատճառով չեմ գնում, այլ այդ դեպքում ես պետք է գնամ որպես քաղաքացի։ Իսկ ես կյանքում ոչինչ չեմ բացառում։
– Այսինքն՝ կարող ենք ասել, որ «Ծառուկյան դաշինքը» հեղափոխության պահանջ չի տեսնում։
«Ծառուկյան դաշինքը» հեղափոխական ուժ չէ։ Մեր դաշինքի համար կարեւորն այն է, որ մարդն իրեն հարգված զգա այս երկրում, կարեւորված զգա այս երկրում՝ որպես քաղաքացի, անկախ իր սոցիալական ծագումից, ինտելեկտուալ եւ նյութական հնարավորություններից, պաշտպանված զգա իր երկրում։ Մինչդեռ գիտեք, որ «Ապահով Հայաստան» կարգախոսը մինչ օրս մնում է հանրությանը հանձնված ընդամենը խոստում։
– Չե՞ք կարծում, որ սա եւս մեկ ապացույց է, որ խորհրդարանական պայքարն իշխանության դեմ արդարացված չէ, եւ պետք է այն տեղափոխել փողոց։
Չեմ կարծում, որ իմ ու իմ գործընկերների խորհրդարանական առաքելությունն անպտուղ է եւ որեւէ բանի չի ծառայում։ Կրկնում եմ՝ որ պահին հասկացա, որ իմ կարողություններն ավելի շատ կարող եմ ծառայեցնել փողոցում, մի վայրկյան չկասկածեք, որ վայր կդնեմ մանդատս ու կտեղափոխվեմ փողոց։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում