Ինչպես արդեն հաղորդել ենք՝ Արամ Ա. Կաթողիկոսը մի քանի ժամով ժամանում է Հայաստան: Բեյրութի օդանավակայանում պատասխանելով Cilicia TV-ի՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցին՝ մասնավորապես ասել է. «Ինչ էլ լինեն ընդվզումի ու բողոքի դրդապատճառները, ներելի չէ, որ հայի արյուն հոսի հայրենի սրբազան հողի վրա: Ներելի չէ, որ մեր ոստիկանների ու երիտասարդների միջև բախումներ տեղի ունենան: Բոլորն էլ մեր սիրելի զավակներն են: Անհրաժեշտ է, որ խնդիրներն ու մտահոգությունները քննվեն ու լուծման ուղիներ որոնվեն միասնաբար՝ նախագահի հովանավորությամբ ու մեր ժողովուրդը ներկայացնող բոլոր ուժերի միասնական ճիգով, փոխադարձ սիրո ու հասկացողության ոգով: Սա է հարցերի լուծման առաջնորդող ճիշտ ուղին: Սա է մեր սպասումը հայրենի իշխանությունից, ինչպես նաև մեր հայրենի ժողովրդի սիրելի զավակներից»: