Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մազմանյանը բռնություն է գործադրել զինված պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի նկատմամբ` հաղթահարելով վերջինիս դիմադրությունը. ՀՔԾ

Ապրիլ 20,2018 10:49

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ են ներգրավվել զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած և դրանց ժամանակ բռնություն գործադրած անձինք:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 2018թ.-ի ապրիլի 14-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցները, խախտելով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք են գործել հիշյալ շենք, ապա հարձակվել ու հաղթահարել շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը:

Մասնավորապես, զանգվածային անկարգությունների մասնակից Տիգրան Մազմանյանն այդ ընթացքում բռնություն է գործադրել զինված պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի նկատմամբ` հաղթահարելով վերջինիս դիմադրությունը: Իսկ Էրիկ Խաչատրյանը և զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցները վնասել են ընկերության գույքը՝ ոտքերի հարվածներով կոտրելով երրորդ հարկի միջանցքի դուռը, մտել եթերային ստուդիա, ապա ուղիղ եթերի տաղավար՝ պահանջելով ուղիղ եթերի տրամադրում:

Տևական ժամանակ գտնվելով «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի վարչական շենքում` Տ. Մազմանյանը, Է. Խաչատրյանն ու զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցները խախտել են հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը, ընկերությանը պատճառել գույքային վնաս` միաժամանակ վտանգելով հասարակական անվտանգությունը:

Քննությամբ պարզվել է նաև, որ ԱԺ պատգամավորների և մյուս անձանց կողմից կազմակերպված անօրինական հավաքների մասնակիցները 2018թ.-ի ապրիլի 16-ին` ժամը 16:00-ի սահմաններում, զանգվածային անկարգություններ են կատարել նաև Բաղրամյան պողոտայում` փորձելով ապօրինի ներխուժել ՀՀ ԱԺ վարչական շենք: Զանգվածային անկարգություններին մասնակցել է նաև անօրինական հավաքների ակտիվ մասնակից Գոռ Միրզոյանը, ով նախապես ձեռք է բերել և մյուսներին բաժանելու համար իր մոտ է պահել ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություններ գործադրելու համար նախատեսված մետաղյա ձողեր և փայտե մահակներ:

Գ. Միրզոյանը և զանգվածային անկարգությունների այլ մասնակիցներ հարձակվել են և փորձել ճեղքել տվյալ վայրում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների շղթան: Այդ ընթացքում նրանք քաշքշելու, հրելու, մահակներով հարվածելու, մետաղական արգելապատնեշներ և տարբեր իրեր նետելու միջոցով բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հետ միասին Գ. Միրզոյանը ևս բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ՝ մարմնական վնասվածքներ պատճառելու նպատակով նրանց ուղղությամբ նետելով տարբեր առարկաներ:

Հաջորդ օրը զանգվածային անկարգությունները շարունակելու և դրանց ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություններ գործադրելու նպատակով Գ. Միրզոյանը հավաքել ու պահել է 17 մետաղյա ձող ու 3 փայտե մահակներ: Սակայն նույն օրը ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայում Գ. Միրզոյանի մոտ հայտնաբերել են նշված մետաղյա ձողերն ու փայտե մահակները և վերջինիս բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին:

Զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու համար Տ. Մազմանյանին, Գ. Միրզոյանին և Է. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Տ. Մազմանյանի և Գ. Միրզոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Դատարանի կողմից միջնորդությունները բավարարվել են:

Է. Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է հսկողության հանձնելու մասին խափանման միջոցը: Հաշվի առնելով վերջինիս անչափահաս լինելու հանգամանքը` նրա պատշաճ վարքագծի նկատմամբ հսկողության պարտականությունը դրվել է ծնողի վրա:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և քրեադատավարական այլ գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` վերը նշված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրած և հակաօրինական այլ գործողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30