Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ լճացում, կամ բանակցություններ

Ապրիլ 20,2018 10:15

Oրերս հարցազրույց էի վերցնում մեր քաղաքականության (եւ, ի դեպ, հեղափոխության) վետերաններից մեկից՝ Վազգեն Մանուկյանից, եւ նա, խոսելով իրավիճակի հանգուցալուծման տարբերակների մասին, նշել է հետեւյալ երեք հնարավորությունները. 1/ Փաշինյանի շարժումը կմարի, եւ դա վատ հետեւանքներ կունենա, որովհետեւ իշխանություններն այս իրադարձություններից ոչ մի դաս չեն քաղի (կմտածեն՝ «опять пронесло»), 2/ իշխանությունն ուժային ճանապարհով կճնշի շարժումը, որի հետեւանքները նույնպես վատ կլինեն՝ դա մի քանի տարով նորից հետ կգցի մեր երկիրը, գումարած դրան՝ իշխանությունները դարձյալ ոչ մի դաս չեն քաղի: Կա, ըստ Վազգեն Մանուկյանի, երրորդ ճանապարհը՝ բանակցություններ եւ փոխզիջումներ. ընդդիմությունը որոշակի պայմաններով դադարեցնում է ակցիաները՝ պահպանելով ճնշման բոլոր հնարավորությունները եւ ձեռք բերելով որոշակի լծակներ:

Պատկերացնում եմ, թե որքան անբնական է թվում այդ առաջարկը երկու կողմերին էլ: «Ի՞նչ բանակցություններ, հեսա, քիչ մնաց, մենք նրանց կտապալենք, մեկ էլ, մեկ էլ մի զարկ տվեք»՝ կբացականչեն հեղափոխականները: (Ի դեպ, նրանք չեն հստակեցնում, թե ո՞րն է իրենց պահանջների էությունը՝ վարչապետի հրաժարակա՞նը, ՀՀԿ-ի կողմից նոր վարչապետի առաջադրո՞ւմը, Ազգային ժողովի լուծարո՞ւմը): «Ի՞նչ բանակցություններ, մենք երբ ուզենանք, նրանց բոլորին կհավաքենք»՝ կհոխորտան իշխանությունները: Կողքից էլ երեւի կասեն՝ «բա ինչպես պիտի Սերժն ու Նիկոլը նստեն բանակցությունների»: Բայց պետության տեսանկյունից խոսքը Նիկոլի եւ Սերժի մասին չէ, խոսքը Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի (պատգամավորների) մասին է՝ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների մասին: Եթե ոչ նրանք, ապա ովքե՞ր պիտի բանակցեն:

Հասկանում եմ, որ իշխանությունները եւ հատկապես հեղափոխականները ձգտում են, այսպես ասած՝ «զրոյական արդյունքով խաղի»: Բայց դա հնարավոր չէ, որովհետեւ Հայաստանում բռնապետական ռեժիմ չէ՝ ինչ էլ ասեն ընդդիմադիրներից ոմանք՝ մենք բռնապետություն դառնալու ոչ մի ռեսուրս չունենք: Խաղի արդյունքի մնացած բոլոր տարբերակները ընդունելի են, իրենք՝ քաղաքական գործիչները, վստահ են, որ որոշակի կամք դրսեւորելու դեպքում նրանք կկարողանան դրանք գտնել: Գուցե նախագահ Արմեն Սարգսյանը հուշի: Չէ՞ որ հենց նա է, ըստ Սահմանադրության, հանդես գալիս արբիտրի դերում:

Կրկնեմ՝ դրա այլընտրանքը լճացման շարունակությունն է: Լավագույն դեպքում՝ առանց բռնությունների:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հակամարտութիւնները բառի բուն եւ փոխաբերական իմաստով, կամ հակասութիւնները մեր օրերում պէտք է լուծուեն փոխզիջման ճանապարհով: Բա վերաբերում է թէ՛ Արցախեան հակամարտութեանը, թէ՛ Պաղեստինա-Իսրայէլականին, թէ ռուս-ամերիկեանին, թէ՛ հայ-թուրքականին եւ թէ՛ այս ցոյցերին: Դուք կարծում էք, թէ հայերը վերադարձնելու են բոլոր պատմական հողերը՞: Կամ դուք կարծում էք, որ Թուրքիան մի թիզ հող անգամ չի՞ տալու Հայաստանին: Չարաչար սխալւում էք: Տեսականօրէն հնարաւոր է, որ կողմերից մէկը «երկու ոտքը մի կօշիկում դնի» ու մինչեւ վերջ իր տեսակէտն առաջ տանի: Բայց դա անասելի ծախսատար եւ կողմերին «արնաքամ» անող ուղի է եւ դեռ մեծ հարց է, արդեօ՞ք շահեկան է գնալ այդ ճանապարհով:

    Ողջամիտ փոխզիջումներն անհրաժեշտութիւն են: Եւ պատահական չէ, որ փորձառու Վազգէն Մանուկեանը դա է նշում՝ որպէս կառուցողական այլընտրանք: Նոյն Վազգէն Մանուկեանը նաեւ ասում է. «Առաջին տարբերակը լաւ չէ, որովհետեւ իշխանութիւնները դասեր չեն քաղի: Երկրորդ տարբերակը լաւ չէ, որովհետեւ իշխանութիւնները դասեր չեն քաղի»: Դասեր քաղերը շատ կարեւոր է:

    Անկեղծ ասած ես չգիտեմ, թէ որն է Նիկոլ Փաշինեանի վերջնական նպատակը: Բայց իմ պատկերացմամբ այս պահին գերնպատակը իշխանութիւններին խելքի բերելն է, որ դասեր քաղեն եւ բարեփոխումներն աւելի արագացնեն: Դէ «բարեփոխում» ծեծուած բառի իմաստն արդէն քաջ յայտնի է՝ արդար ընտրութիւններ, օրէնք, դատական համակարգ, մրցունակ տնտեսութիւն, դպրոց աւարտած պաշտօնեաներ եւ այլն:

    Նորից վերադառնամ բանակցութիւններին: Վէճեր հարթելիս (տանը, աշխատավայրում, դիւանագիտութեան եւ քաղաքականութեան մէջ) լաւ բանակցելը անգին խաղաքարտ է: Այն շատ աւելի զօրեղ է, քան ֆիզիկական առճակատումը: Ես միշտ մեծ հաւատ եմ ունեցել, որ բանակցութեամբ եւ երկխօսութեամբ շատ ու շատ խրթին հարցեր կարող են լուծուել:

    Ուրեմն, բաց մի՛ թողէք բանակցելու առիթը: Նստէք եւ զրուցէք:

    Հաճելի կը լինէր, եթէ երկխօսութեան առաջարկը հէ՛նց վարչապետն անէր: Դա միայն դրական ընկալում կ’ունենայ հանրութեան շրջանում: Բայց այդ բանակցութիւնները չպիտի ձեւական բնոյթ կրեն: Ուշադրութեան կենտրոնում Դո՛ւք էք եւ Ձեր իշխանութիւնը. փոփոխութիւնները նախ եւ առաջ ՁԵԶՆԻՑ ենք ակնկալում:

  2. Մարգար Մախսուդյան says:

    Համազգային զզվանքի խորհրդանիշի հարցի քննարկումը առայժմ առկախելով, ուզում եմ հարց տալ հոդվածի հեղինակին.
    պրն. Աբրահամյան, ինչես եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի առաջադրած այն պայմանին, որ ինքը պատրաստ է նստել բանակցությունների սեղանին միայն այն բանից հետո, երբ նախագահ Արմեն Սարգսյանը կներկայացնի տեղեկանք Միացյալ Թագավորության քաղաքացիությունից հրաժարվելու ժամկետի վերաբերյալ, ինչը Փաշինյանը պահանջել էր ներկայացնել դեռ մինչև Ա. Սարգսյանի նախագահ ընտրվելը:
    Անձամբ ես շատ կուզենայի որ նա ներկայացներ իսկական, այլ ոչ թե անձնագրային սեղանից տրված թերի
    մի փաստաթուղթ, որից արժանահավատության հոտ անգամ չի գալիս, և որ բանակցություններն իրոք կայանային…

  3. Լավատես says:

    Մենք պետք է մեր հայ փափուկ ուժը կիրառենք՝ Մեծն Թումանյանի Տերն ու ծառայի փոքր եղբոր փափուկ ուժից ավելի փափուկ ու արդյունավետ ուժ աշխարհը չի ստեղծել: Իսկ հետո, լավագույն բանակցությունը՝ հայ լինելը համարել սրբություն բոլոր կողմերի համար ու միահամուռ հայտնաբերել ու վնասազերծել հակահայ տարրը:

  4. Կարո Մելիքյան says:

    Ստերով ձեվավորված (ընտրություններ) իշխանություն,
    Սուտ խոստումներ շռայլած (պայքար կոռուպցիայի դեմ),
    Սահմանադրության բարեփոխումնե՞ր, թե, ընդհակառակը,
    Սուտ հայտարարություն՝ որ նախագահ չի դառնալու և այլը և այլը…
    Եթե ժամանակը մի քիչ խտացնենք,ապա, պարզ երեւում է Սերժի երկքայլանոց կոմբինացիան քաղաքական դաշտում ,(ոչ թե շախմատային),ինչ որ բան խառնել է…
    1-ին .փոխել սահմանադրությունը.
    2 – րդ նորից մնալ իշխանության գլուխ
    Ահա թե ինչի վրա է նա գլուխ կոտրել վերջին 5 տարում;
    Կոմբինացիան իրականացնելիս,նա նույնիսկ՝ ոչ մի ” զինվոր” չի զոհաբերում,չասած արդեն
    “ֆիգուրաների” մասին (օրինակ՝ դատական համակարգը…)
    Կոմբինացիան ,իսկապես գեղեցիկ,կամ համոզիչ կստացվեր,եթե ուղեկցվեր զոհաբերություններով,իսկ այս դեպքում՝ համ տգեղ է,համ էլ պարտիան է տանուլ տրված…ցանկացած դեպքում; Բանակցություններ վարելը ՝ցանկացած հարցի շուրջ ,վատ չե,եթե դիմացինտ ազնիվ է, եւ չեն օկտագործվի՝ժողովրդի ցասման ալիքը կոտրելու համար;

  5. Ruben says:

    Ձեր («շախմատային զինվորների») «քաղաքականության վետերան» Վազգեն Մանուկյանը 1990-ին կոմունիստների կողմից իշխանության փոխանցումը իրենց՝ «երիտհեղափոխականականներին», կոչում էր «պետական հեղաշրջում», իսկ ԼՏՊ-ն՝ «թավշյա հեղափոխություն»:

    Ինչպես 1989-1990-ականներին ՀՀՇ-ական ԼՏՊ-ն (Ա. Աբրահամյանի նախկին շեֆը) եւ Վազգեն Մանուկյանն էին բանակցում կոմունիստների հետ «փոխզիջումների» վերաբերյալ, այսօր էլ է Մանուկյանը պատկերացնում հնացած սցենարը:

    1990-ին ԼՏՊ-ն կոմունիստներից ստացավ հանրապետության բարձրագույն պաշտոնը՝ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի, իսկ Վազգեն Մանուկյանը դարձավ հանրապետությունում երկրորդ դեմքը՝ Նախարարների խորհրդի նախագահը: Կերան-կերան, բայց «Жадность фраера губит»:

    Փաշինյանը Սարգսյանի ունիվերսալ գործիքն է: Սարգսյանը Փաշինյանին օգտագործում է եւ ռեսուրսը հատելուց հետո «սպիսատ» կանի:

    Նիկոլ Փաշինյանի վարած կազմակերպված թատերական բեմադրությունը (սցենարը) նախատեսված է Սերժ Սարգսյանի «դասալքությունը» (փախուստը), առանց պատասխանատվության ՌԴ-ի առաջ, իրականացնելու համար:

    Թե ապարանցի Պավլիկը, թե իջևանցի Նիկոլը՝ պետք են ստեփանակերտցի/տղեցի Սերոժին «այլ» հարցերի համար…

    • Կարո Մելիքյան says:

      Երեվի աբիժնիկ եք բոլորից ու քար նետեցիք բոլորի բախչեն, բացի կոմունիստների.

      • Ruben says:

        Դուք սխալվում եք: На Севере на обиженных воду возят. Զգուշորեն արտահայտվեք:
        Ես հիմք եմ ընդունում միայն իրական փաստերն ու ճշմարտությունը:
        Սպասենք Սերժը փախնի…կամ էլ լավագույն դեպքում, Նիկոլը կդառնա չորրորդ «պատմա-քաղաքական» պարպիչը՝ Վազգեն Մանուկյանից, ԼՏՊ-ից, Րաֆֆիից հետո:

  6. Արա Կիրակոսյան says:

    Վերլուծությունը հախուռն է ու անհասկանալի: Եկեք փաստենք, որ իրավիճակ է փոխվել և բացարձակապես կարևոր չէ, Նիկոլն ինչ է անելու իր հաջորդ քայլով: Կարծեմ նա արդեն նշել է թավշյա հեղափոխության մասին: Նաև փաստենք, որ այսօր մեր այս հիանալի երիտասարդությունը կարողանում է բավականին կոռեկտ ձևով իր ձայնը բարձրացնել: Ինչ վերաբերվում է Վազգեն Մանուկյանին, նրա հետ ժամանակին ցուցարարները (եկեք ասենք ժողովրդի մեծամասնությունը) մեծ հույսեր էին կապում: Թէ ինչով այդ ամենն ավարտվեց, բոլորն էլ լավ գիտեն: Հիմա “Հանրային Խորհուրդ” կոչվածի արած գործը չի երևում: ինչն է պահում նրան այնտեղ, ուղղակի զարմանալի է: Ես նաև զարմանում եմ, որ հիմա արդեն մոռացվել է ՍՍ-ի խոսքը: Նա հրապարակայնորեն դրժել է իր տված խոսքը: Ինչ են մտածում այս մասին Վազգեն Մանուկյանները և շատերը? Սա շատ լուրջ է ու այն պետք է դառնա այս շարժման մեխերից մեկը: Մեկ այլ մտավախություն, պատրաստ է Հայաստանը նման երկարաժամկետ պայքարի? դժվարանում եմ պատասխանել: Սակայն ինձ զարմացնում է այս կառավարության դիրքորոշումը: Երկրում անհնազանդություն է, ինչու չեք հրաժարական տալիս? Ձեզ չեն ընդունում, չասենք` սիրում, ինչու էք շարունակում իմիտացիա անել, թէ աշխատում էք: Հուսանք, որ այս ամենը չի բերի արյունահեղության: Հայ երիտասարդություն- հպարտանում եմ Ձեզնով:

  7. Լավատես says:

    Նորածին երեխան ունի միայն իրավունք, բայց ոչ մի պարտավորություն, մեծանալով երեխան իրավունքների հետ մեկտեղ պարտավորություններ է ձեռք բերում եւ ինչքան հասունանում է, այնքան պարտավորությունները ավելանում են: Մեր ուղեղները սեւեռում են Մարդու իրավունքներով՝ իբր դա բարձր քաղաքակրթություն է, բայց դա ընդամենը նորածին քաղաքացին է, որը ոչ մի պարտավորություն ոչ մեկի հանդեպ չունի, նորածին քաղաքացիները կազմում են ամբոխը, մի քիչ ավելի հասուն քաղաքացին, որը բացի իր իրավունքներից իր վրա պարտավորություններ է վերցնում՝ բանակում ծառայել, հարկեր վճարել, պետական ու ազգային գրված ու չգրված օրենքներին ենթարկվել՝ սա արդեն ժողովուրդն է եւ վերջապես քաղաքացու բարձրագույն տեսակը, որը կոչվում է ազգ, սա այն դեպքն է, երբ եւ իրավունքը եւ պարտավորությունը անցնում են երդման արարողություն, որը նշանակում է դու իրավունք չունես հրաժարվել քեզ տրված իրավունքից՝ նույնիսկ եթե դու դրա կարիքը չունես եւ նմանապես՝ դու իրավունք չունես հրաժարվել քեզ տրված պարտավորությունից՝ նույնիսկ եթե ոչ ոք՝ այդ թվում նաեւ դու դրա կարիքը չունեք:
    Այսօր մենք դեռեւս անչափահաս ազգ ենք, մեր մտավորականությունը դեռ չի սովորեցրել մեզ երդում տալու մշակույթին, ասենք՝ ծնված օրվանից յոթ տարին մեկ՝ երեխային անցկացնելով որոշ փորձություններով, որ նախորդ յոթ տարիների ընթացքում պատրաստվի մարզվի դաստիարակվի այնպես, որ այդ փորձությունը հաղթանակով պսակվի ու երեխան անցնի իր հասունացման նոր յոթամյա փուլը: Սկզբից մեր մտավորականները իրենք իրենց մեջ իրենց երդման արարողությունը կմշակեն, հետո կսովորեցնեն ժողովրդին: Ներեցեք, երկար ստացվեց:

  8. Կարեն says:

    Իմ կարծիքով միակ զիճումը, որը կարող է անել Նիկոլը, դա պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս ալիքի վրա հանրապետական խուժանը չի կարողանա կեղծել կամ կաշառել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30