Երեւանում երթեւեկությունը կրկին կաթվածահար է եղել: «Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներն արդեն 8-րդ օրն է՝ առավոտից սկսել են փակել մայրաքաղաքի փողոցները: Այս պահին փակ է Մաշտոցի պողոտան:
Բավական լարված իրավիճակ է Գյուլբենկյան փողոցում: Ոստիկանները քաղաքացիներին հորդորեցին՝ հանել մեքենան փողոցից, քանի որ վարչական իրավախախտում է դա: Եթե չենթարկվեն իրենց հորդորին, ոստիկանները սպառնում են բերման ենթարկել քաղաքացիներին: Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ լեզվակռիվ եւ քաշքշուկ սկսվեց:
Արաբկիրի ոստիկանապետի տեղակալն է Գյուլբենկյան փողոցում: Նրանք ուզում են բերման ենթարկել մի կնոջ, որը չենթարկվեց իրենց պահանջին եւ մեքենան չհանեց փողոցից: Քաղաքացիները վրդովված են, միջամտում են՝ ասելով, որ իրենք ողջունում են այդ կնոջ քայլը, միանում են նրան:
«Արա, բռնեք ձեռներից տարեք»,- հրահանգ է տալիս մի փոխգնդապետ:
Ցույցի մասնակից կինը բերման ենթարկվեց: Բերման ենթարկվածներն Արաբկիրի բաժնում են:
Ի դեպ, ոստիկանները բերման են ենթարկում ոչ իրենց ծառայողական մեքենայով, այլ 35 DN 232 համարանիշով «Տոյոտա կոռոլա» մեքենայով: Ոստիկանները փորձում են տեղահան անել ճանապարհը փակած մեքենաները՝ անգամ վնասելով դրանք:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
զարմանում եմ թե ինչու չի ոստիկանությունը խիստ միջոցներ չի ձեռնարկեւմ փողոց փակողների դեմ։սերժին եք դեմ գնացեք նրա դռան առաջը փակեք