Վերջին օրերին երկրում տեղի ունեցող բողոքի զանգվածային երթերն ու ցույցերը կրում են բացառապես խաղաղ բնույթ, իսկ ցուցարարների գործողությունները տեղավորվում են օրենքի շրջանակներում։ Միայն ոստիկանության կողմից բացարձակապես չարդարացված ուժի կիրառումը եւ անհարկի միջամտություններն են լարվածություն մտցնում ու բռնությունների առիթ դառնում։ Անգամ այս չարդարացված բռնությունների ժամանակ են ցուցարարները շարունակում մնալ իրենց որդեգրած բռնի գործողություններից հրաժարման ու խաղաղասիրության շրջանակներում։
Իրավունքի եւ ազատության կենտրոն հասարակական կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնում խաղաղ ցուցարարներին, իսկ իշխանություններից պահանջում է փոխել տարիների որդեգրած գործելաոճը։ Հրաժարվել․
– ոստիկանությունը որպես մահակ օգտագործելուց
– խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառելուց
– ցույցերի ու երթերի խաղաղ մասնակիցներին ու ակտիվիստներին բերման ենթարկելուց
– ցույցերի ընթացքում սեփական սադրիչների միջոցով սադրանքներ կազմակերպելուց
– լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելուց ու նրանց աշխատանքին խոչընդոտելուց
– թշնամություն սերմանելուց
Իրավունքի եւ ազատության կենտրոն նախագահ՝ Վարդան Հարությունյան