Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ խնդիրներ կային, որ լուծեց Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ հարցերի պատասխան տրվեց, որ շրջեց հասարակական տրամադրությունները. «Իրատես»

Ապրիլ 20,2018 09:16

Ի՞նչ խնդիրներ կային, որ լուծեց Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ հարցերի պատասխան տրվեց, որ շրջեց հասարակական տրամադրությունները և այլն։

Նախ և առաջ, իհարկե, անընդհատ հարց էր բարձրացվում՝ ինչու՞ հասարակությունը չի գնում ընդդիմադիր ցույցերի։ Ասում էին, թե չկա առաջնորդ։ Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը պետք է լուծեին այդ հարցը, և այնպիսի քայլեր պետք է արվեին, որոնք հանրությանը հավատ կներշնչեին ընդդիմության և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի հանդեպ։

Խնդիր էր դրված կոտրել «թույլ ընդդիմադիր առաջնորդի» կարծրատիպը, որ կա ժողովրդի մեջ։ Այս հարցը լուծելու համար վերջինս պարզապես իր սեփական օրինակով ցույց տվեց, որ ինքը կոնկրետ քայլ անող է, նման չէ նախորդ որոշ ընդդիմադիր առաջնորդների, որոնք նույնիսկ ամենապատասխանատու պահին գուցե գնային թեյ խմելու։

Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ ամենաթեժ պահին ոստիկանապետի հետ աղոթելու գնացողներից չէ։ Նա իր գործողություններով ցույց տվեց նաև, որ ինքն այն գործիչներից չէ, որ 2008 թ. մարտի 1-ին կասեր՝ ես կգամ հրապարակ միայն այն դեպքում, երբ ինձ տրվի պետական պահպանություն։

Այս հարցերի լուծմանն էր ըստ էության ուղղված 14+4 ճանապարհային քարտեզը, որի իրագործումը Նիկոլ Փաշինյանն անձամբ էր ստանձնել։ Նա, ի տարբերություն իր գործընկերների, դուրս եկավ ԱԺ հարմարավետ աթոռից և 3000 քայլն անձամբ կատարեց՝ ի ցույց ամբողջ աշխարհի, այդ թվում՝ բողոքական զանգվածի։ Մարդիկ տեսան ու հասկացան, որ նա կարողանում է ինքնուրույն գործ անել, և ոչ թե ձեռքերը տաքացնել այլոց աշխատանքի վրա։

Անլուծելի էր դառնում մեծ զանգվածների մասնակցությունն ընդդիմադիրների միջոցառումներին։ Սովորաբար մեր ընդդիմադիրները դեռևս 1990-ականների սկզբից հայտարարում էին հանրահավաքներ, երթեր, որոնց ընթացքում ժամերով մտավարժանքներ էին կատարում, այս կամ այլ սրության ելույթներ ունենում, բայց դրանք բացի թատերականացված միջոցառումներից հիմնականում որևէ խորհուրդ չէին պարունակում, և մարդիկ հոգնել էին շատ կանխատեսելի այդ միջոցառումներից, առավել ևս սոցիալական ցանցերի դարում, երբ յուրաքանչյուր մարդ յուրաքանչյուր վայրկյանին կարող է միացնել սոցիալական ցանցն ու կարդալ կամ գրել շատ ավելի սուր հայտարարություններ՝ այս հարթակում էլ բաց թողնելով գոլորշին։

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները, վերլուծելով իրավիճակը, առաջարկեցին ոչ թե պասիվ միտինգների մասնակցելու տարբերակ, այլ գործողությունների կոնկրետ պլան։ Մարդկանց ասացին, որ յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել անցկացվելիք գործողություններին։ Մանավանդ որ այդ գործողություններն էլ իրականացվում են բավականին բազմաժանր, բազմաբնույթ ու ստեղծարար սցենարներով։ Յուրաքանչյուրն այդ սցենարում ունի իր անելիքը. մեկը փողոց է փակում, մյուսը կաթվածահար է անում պետական հիմնարկները, երրորդը մուտք է գործում հանրային ռադիոյի շենք, ինչը նույնպես խորհրդանշական է։ Բոլորը շատ լավ են հասկանում, որ հանրային ռադիոն ինֆորմացիա սփռելու առումով որևէ էական նշանակություն չունի, մանավանդ նույն ընդդիմադիր առաջնորդները շրջապատված են բավականին օպերատիվ աշխատող կայքերով, սոցիալական ցանցերով, ուղիղ եթերներով։ Պարզապես հանրային ռադիոն հեղափոխական խորհրդանիշներից մեկն է։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30