«Սկսում ենք բեռնատարներով ճանապարհները փակելու օպերացիան»,-քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման համակարգող Նիկոլ Փաշինյանը: Ինչպես երեկ հայտարարվել էր հանրահավաքի ժամանակ, այսօր ցույցերի մասնակիցները հանրապետության բոլոր ճանապարհները եւ մայրուղիները փակելու են բեռնատար մեքենաներով: Նիկոլ Փաշինյանը մեքենաների վարորդներին կոչ արեց՝ հոգ տանել նաեւ, որ ոստիկանները չկարողանան մեքենան արագ տեղից շարժել: Հորդորեց՝ անիվները թուլացնել, ինչ-որ կերպ խափանել մեքենայի աշխատելու հնարավորությունը, որ մինչեւ ոստիկանները հասկանան, թե ինչ պետք է անել՝ մի քանի ժամ անցնի:
«Այսօրվա ակցիան շատ կարեւոր է, եթե ակցիան հաջողվի՝ կնշանակի թավշյա հեղափոխությանը մի քանի օր է մնացել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կաթվածահար անելով տրանսպորտը՝ ոստիկաններին եւ պետական գերատեսչությունների աշխատակիցներին, պետք է ցույց տալ, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին:
Գյուղական համայնքներում, մարզերում նա բնակիչներին կոչ արեց օգտագործել տրակտորներ, այլ տեխնիկա եւ ցույց տալ, որ «Սերժ Սարգսյանի հեռանալու ժամը եկել է»:
Նիկոլ Փաշինյանն առայժմ չի հայտարարում, թե ինքը որտեղ կլինի: Միայն ասաց՝ ցույցի այն վայրում, որն ամենամարդաշատը կլինի:
Երեկոյան ժամը 19-ին Հանրապետության հրապարակում կրկին հանրահավաք կկայանա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ