Ապրիլի 17-ի կեսօրին ԱԺ-ն ընտրեց վարչապետ, մի քանի ժամից նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը, որով ընտրված վարչապետը դարձավ գործող:
Իրադարձությունների այս ընթացքը նորություն չէր, նորությունը ուրբաթից երկուշաբթի Ֆրանսիայի հրապարակում գիշերող, իսկ ապրիլի 16-ից Երևանի փողոցներում իր քայլն անող Նիկոլ Փաշինյանն է` դպրոցականաուսանողական հեղափոխությամբ, որ ինքն անվանում է թավշե ու ժողովրդական: Նա խոստացել էր կանխել ԱԺ նիստը` չստացվեց: Նիստը գումարվեց, վարչապետը` ընտրվեց և փակեց երկու անգամ վարչապետ չընտրվելուց հետո խորհրդարանի լուծարման, արտահերթ ընտրությունների տեսական հնարավորության դուռը: Չմնաց իշխանափոխության սահմանադրական ճանապարհ, ու Նիկոլ Փաշինյանը գնաց այն ճանապարհով, որ նրան թողեց վարչապետ Սերժ Սարգսյանը` խաղաղ ցույցեր: Որքա՞ն:
Ինքը` Փաշինյանն էլ չգիտի: Առայժմ քաղաքականությանը փոխարինել է պոպուլիզմը: «Մերժիր Սերժին»-ը ծրագիր չէ, մերժեցին` հետո՞: Նույնիսկ պարզ չէ` քաղաքակա՞ն, թե՞ քաղաքացիական շարժում է: Նիկոլ Փաշինյանը չգիտի` ու՞ր տանի և ի՞նչ անի իր կոչով փողոց դուրս եկածներին: Վլադիմիր Գասպարյանն էլ Նիկոլ Փաշինյանի հետ աղոթելու ցանկություն չունի: Հայաստանն ապացուցեց, որ Ադրբեջան չէ, բայց չի ապացուցում, թե ինչ է: Նահանջի տեղ չկա, առաջ գնալու` նույնպես: Մեղքի զգացում է մնալու` ևս մեկ պարտության: Համակարգը համակարգով են փոխում` անձը անձի դեմ պայքարը համակարգ չի փոխելու:
Ապրիլի 17-ից իրավիճակը զարգանում է զուգահեռ` փողոցներում ու Բաղրամյան 26-ում: Ինչո՞վ կպատասխանի Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի ցանցային շարժմանն ու հեղափոխական կոմիտեների ստեղծմանը: Եթե ստեղծվեն: Թավշե հեղափոխականների երթուդարձին իմաստ չունի հետևել, կա ընդհանուր պատկեր.
1. Փողոցային պայքարի այս մարտավարությունը Հայաստանում նոր է, դեռ ոչ մի անգամ ցուցարարները քաղաքում այս քաոսը չեն ստեղծել: Թերևս այն պատճառով, որ նրանց ղեկավարները ռացիոնալ ու ակադեմիական են եղել և չեն հասկացել` ի՞նչ իմաստ ունի փողոցները չափչփել, երթևեկը կանգնեցնել, մարդկանց գործից կտրել ու հունից հանել: Նաև այն պատճառով, որ նրանց կողմնակիցները եղել են չափահաս ու հիմնականում տարիքով մարդիկ, որ ֆիզիկապես ի վիճակի չեն վազվզել ու նստել` որտեղ պատահի, ի վիճակի չեն հարցեր չտալ ու ծրագիր չունենալ: Նրանք գիտակից ու կայուն կողմնակիցներ էին:
2. Փողոցում են հիմնականում դպրոցականներն ու ուսանողները: Կամավոր: Նախկինում նրանց ՀՀԿ-ն է հանրահավաքների տարել` պարտադիր, ու Նիկոլ Փաշինյանը քննադատել է դպրոցականներին ու ուսանողներին գործիք դարձնելու ՀՀԿ-ի վարքագիծը: Այսօր ասում է` ազատ քաղաքացիներ են: Չի բացառվում, որ նա մանկապարտեզներ, հետո էլ ծննդատներ գնա ու կոչ անի միանալ իրեն: Դեռ որքան են բարձր դասարանցիներն ու ուսանողները «հեղափոխություն անելու»` ի հաշիվ դասերի, կերևա, երբ սկսվեն քննությունները: Հազիվ թե թավշե հեղափոխության ժամանակներում բեկանվի կրթությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում