Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուխտագնացություն դեպի Արդվի

Ապրիլ 20,2018 12:30

Այստեղ է գտնվում Հովհան Օձնեցի կաթողիկոսի գերեզմանը

Ուղիղ մեկ տարի առաջ էր։ Լոռու մարզի Արդվու գյուղամիջից ավելի քան 2.5 հազար ուխտավորներ սկսեցին վեր բարձրանալ դեպի Սուրբ Հովհաննես (կամ հայտնի է նաեւ Սրբանես անվանումով) եկեղեցի, ուր ամփոփված է Հովհան Իմաստասեր Օձնեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ուխտագնացությունը նվիրված էր նրա գահակալության 1300-ամյակին։ Այս անցնող մեկ տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ տեղի ունեցան՝ գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նոր ուսումնասիրություններ, գրքերի հրատարակություններ եւ, իհարկե, Հովհան Իմաստասերի արձանի ստեղծումը, որը տեղադրվել է Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարող տարածքում։

Այս տարի էլ նույնքան՝ 2.5 հազար ուխտավորներ անցան նույն ճանապարհը եւ կանգ առան Հովհան Օձնեցու արձանի մոտ։ Այն կերտել են քանդակագործներ Գեղամ Աբրահամյանը եւ Սարգիս Բաբայանը։ Հովանավորն է մոսկվաբնակ Արտակ Էվոյանը։
Բնական է, որ ուխտավորների առաջին կանգառը արձանի մոտ էր, ուր աղոթքներ եւ ոգեկոչումներ են հնչում առ Աստված ու մեծ հովվապետին։ Այնուհետեւ սպիտակ սավանը ետ է քաշվում, ու բոլորի աչքերի առջեւ է հառնում մեր պատմությունում անջնջելի հետք թողած Վեհափառ հայրապետը։ Այնուհետեւ Սուրբ Հովհաննես եկեղեցու զանգակատանը կից հարթակից ներկաներին է դիմում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ով կարեւորում է Հովհան Օձնեցի կաթողիկոսի պատմական դերակատարությունը, մասնավորապես ընդգծելով, որ Հովհան Օձնեցու կաթողիկոսության ժամանակաշրջանում եւ հիմնականում հենց իր ջանքերով է կանոնակարգվում հայ եկեղեցու դավանաբանական վարդապետական սկզբունքների համակարգը, տոները եւ ծեսերը։

Կազմվել եւ շրջանառության մեջ է դրվել «Կանոնագիրք Հայոցը»։ Նրա գահակալության շրջանում քրիստոնեությունը, ձեռք բերելով ազգային բովանդակություն եւ մեկնաբանություն, դրոշմվեց հայ մարդու հոգեբանության եւ ինքնագիտակցության մեջ։ Անցնելով դարավոր ճանապարհ, այն դարձավ ազգային հավաքական հոգեբանություն եւ ինքնագիտակցություն։ «Հայ քրիստոնյա» արտահայտությունը, որը գործածության մեջ դրեց Հովհան Օձնեցի կաթողիկոսը, դարձավ բազմաթիվ սերունդների ինքնության եւ ինքնաճանաչողության հիմնական ըմբռնումը՝ քրիստոնեության ազգայնացման լավագույն դրսեւորումներից մեկն է։


Այնուհետեւ թեմի առաջնորդը հայտարարեց, որ արդեն սկսվել է եկեղեցու զանգակատան նորոգումը, որը հովանավորում է Վահե Կարապետյանը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին։ Նրա շնորհիվ ամիսներ անց զանգակատունը նորոգված տեսք կունենա եւ այլեւս վտանգ չի ներկայացնի իր քարաթափությամբ։ Ավելի ուշ կփոխվեն նաեւ իրար ագուցված երկու եկեղեցիների տանիքները։

Ուխտավորներին դիմեց նաեւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, ով նախանձախնդրորեն քայլեր է կատարում, որ Արդվին հանրահռչակվի, քանի որ այն կապվում է Լոռուց սերված, իր կաթողիկոսական առաքելությունը սրբորեն իրագործած եզակի հոգեւոր առաջնորդի հետ, ով հանուն Հայաստանի միասնության թողեց իր կաթողիկոսական գահը եւ եկավ այս վայրերը՝ ընտրելով ճգնավորի կյանքը։

«Հովհան Օձնեցի կաթողիկոսը այս վայրին սրբագործություն եւ հրաշագործություն բերեց։ Վկայությունը Օձի պորտի հրաշագործ աղբյուրն է, որն ամեն տարի հազարավոր մարդկանց է բուժում,- մեր զրույցի ժամանակ ասաց Սերգո Երիցյանը,- այդպիսին է նրա լույս եւ հույս բերող գերեզմանը։ Ուրախ եմ, որ Գուգարաց թեմը Արդվու Սուրբ Հովհաննես եկեղեցու զարգացման ծրագիր ունի, որի նպատակն է այն ավելի ու ավելի մոտիկ դարձնել հավատացյալներին։ Հուսով ենք, որ մեկ տարի հետո այստեղ կտեղադրվի «Կաթողիկոսական գավազան» հուշարձանը, որը եւս կվկայի Հովհան Օձնեցի կաթողիկոսի գործունեության մասին»։

Ուխտավորները ներկա եղան մատուցվող պատարագին, մոմեր վառեցին, ճաշակեցին մատաղը։ Շատերն էլ ծանոթացան Արդվի գյուղի պատմությանը, եկեղեցուն հարող տարածքում տեսան հետաքրքիր տապանաքարեր, որոնք պատկանում են հանրահայտ Քալանթարովների տոհմին։ Մյուսներն էլ խմեցին հրաշագործ ջրից։
Մեր թղթակցի հետ զրույցում թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն ընդգծեց, որ Արդվիում մենք՝ ի դեմս Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի գերեզմանի, գործ ունենք մի եզակի սրբավայրի հետ, որը համահայկական նշանակություն ունի եւ ուր այցելելը ամեն մի հայի հոգու պարտքը պետք է լինի։ Ուստի մենք պետք է ձգտենք բոլոր դյուրությունները ստեղծել ուխտավորի համար։ Օրինակ, ոչ հեռավոր ծրագիր ունենք այստեղ ստեղծել «Ուխտավորի կացարան», որը թույլ կտա տարին բոլոր ուխտագնացության գալ այստեղ, հարկ եղած դեպքում 2-3 օրով վայելել այս բնաշխարհը։

ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ

Արդվի-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30