Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջնահերթություններն ու անելիքները շատ են»

Ապրիլ 20,2018 12:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է Ռումինիայում
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը

– Պարոն Մինասյան, հինգ ամիս է արդեն, ինչ Ռումինիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն եք: Նախ՝ խոսենք հայ-ռումինական հարաբերությունների մասին: Ի՞նչ առաջնահերթություններ եք առանձնացրել Ձեր գործունեությունում հայ-ռումինական հարաբերությունների խորացման ուղղությամբ, ո՞ր ոլորտների վրա եք կենտրոնացած:

– Ճիշտն ասած, հինգ ամիսը դեռ չի լրացել. իմ հավատարմագիրը Ռումինիայի նախագահ Յոհանիս Կլաուսին եմ հանձնել տարեսկզբին` հունվարի 18-ին, սակայն ժամանակը, միեւնույն է, ակնթարթի պես է անցել: Նման տպավորության պատճառը, ամենայն հավանականությամբ, իմ հագեցած աշխատանքային ժամանակացույցն է, քանզի այս ընթացքում մի քանի տասնյակի հասնող պաշտոնական ու աշխատանքային հանդիպումներ եմ ունեցել, որոնց նպատակը հենց հայ-ռումինական երկկողմ հարաբերությունների հետագա ծավալումն ու խորացումն է եղել:

Այդ հարաբերություններն առհասարակ միշտ էլ բավական բարձր մակարդակի վրա են եղել, սակայն վերջին շրջանում նկատվում էր քաղաքական երկխոսության որոշ պասիվացում, իսկ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունները չեն համապատասխանում երկու երկրների միջեւ առկա համագործակցության ներուժին:
Հետեւաբար որպես առաջնահերթություն տեսել եմ նախ երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացումը, դրան նոր ու թարմ շունչ հաղորդելը, ինչը, կարծում եմ, հաջողվում է: Երկրի նախագահի, տարբեր հարցերով նրա խորհրդականների, Ռումինիայի խորհրդարանի զույգ պալատների հանձնաժողովների նախագահների ու անդամների, արտգործնախարարի, պաշտպանության, կրթության նախարարների, տարբեր նախարարությունների պետքարտուղարների եւ ռումին բազմաթիվ այլ բարձր պաշտոնատարների հետ հանդիպումները հենց դրան են նպատակաուղղված եղել: Կարծում եմ՝ այն դրական դինամիկան, որին հաջողվել է հասնել, կարող է լոկոմոտիվի դեր խաղալ գնացքի մնացած շարժակազմը «տեղից պոկելու» գործում:

Նշեմ, որ ծավալված բոլոր քննարկումներում հանդիպել եմ ամենաբարձր աստիճանի բարյացակամ վերաբերմունքի, փոխըմբռնման եւ ընդառաջ քայլերի պատրաստակամության, ինչում քիչ դեր չի խաղում, իհարկե, նաեւ ռումինահայ համայնքի գործոնը: Հայերը ռումինական հողի վրա ավելի քան հազարամյա ներկայություն ունեն, 1401 թվականից այստեղ գործում է հայ եկեղեցու թեմն իր առաջնորդով, իսկ 1990 թվականից սկսած՝ վերականգնվել է նաեւ Ռումինիայի Հայոց միությունը, որի մասնաճյուղերն ակտիվ գործունեություն են ծավալել երկրի տասնյակ քաղաքներում:

Անուրանալի է այն ներդրումը, որ ռումինահայությունն ունեցել է եւ ունի Ռումինիայի սոցիալ-քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում: Ներկայումս այդ համայնքը, ճիշտ է, թվաքանակով նվազել է, սակայն շարունակում է քաղաքական լուրջ կշռույթ ունենալ՝ ի դեմս Ռումինիայի խորհրդարանի հայազգի երեք պատգամավորների:
Բնականաբար, նաեւ Ռումինիայի Հայոց միության եւ Ռումինահայոց թեմի կառույցներում ու տեղական մասնաճյուղերի հետ ծավալել ենք ամենօրյա գործակցություն` նպատակ ունենալով նպաստել հայապահպանության խնդիրներին, ընդլայնել Հայաստան-Սփյուռք համագործակցության դաշտը բոլոր մակարդակներով եւ ուղղություններով: Անշուշտ, սա եւս մեր առաջնահերթությունների շարքում է:

Իհարկե, մեր ընթացիկ առաջնահերթություններից կառանձնացնեի նաեւ այս տարվա հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ռումինական կողմի բարձր մակարդակի մասնակցության ապահովումը` հաշվի առնելով Ռումինիայի՝ որպես Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային կենտրոնի կարեւոր դերակատարություն: Բազմաթիվ քննարկումների եւ բանակցությունների արդյունքում հույս ունենք ապահովել նման բարձր մակարդակ: Սպասում ենք ռումինական կողմի վերջնական որոշմանը: Փորձելու ենք ապահովել նաեւ ռումինական ներկայանալի գործարար պատվիրակության մասնակցություն նաեւ Երեւանում կայանալիք ֆրանկոֆոն գործարար համաժողովին:

Առհասարակ, իսկապես դժվարանում եմ ասել, թե դեսպանության բազմաբնույթ, բազմավեկտոր աշխատանքում ինչն առաջնահերթություն չէ: Որպես Ռումինիայում Հայաստանի դեսպան աշխատելու այս ամբողջ, թեկուզեւ կարճ ժամանակահատվածում համոզվել եմ, որ երկրորդական հարցեր չկան: Այնպես որ` առաջնահերթությունները շատ են, անելիքները` կարեւոր:

– Հայ-ռումինական միջպետական հարաբերությունները ո՞ր մակարդակում են գտնվում, ի՞նչ նոր հնարավորություններ եք տեսնում, կա՞ն նման ոլորտներ, որտե՞ղ եք տեսնում բացեր, անելիքներ:

– Միջպետական հարաբերությունների մակարդակին, նաեւ անելիքներին ու բացերին կարծես համառոտ անդրադարձա: Ավելացնեմ նաեւ, որ այդ հարաբերությունների դինամիկ առաջընթացի ճանապարհին խոչընդոտներ չկան, մանավանդ որ Ղարաբաղյան հակամարտության խնդրում էլ Ռումինիան վերջին տարիներին որդեգրել է ընդհանուր առմամբ հավասարակշռված մոտեցում: Պարզապես պետք է հաղթահարել որոշ կարծրատիպեր:

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը Կոտրոչենի նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնում երկրի նախագահ Կլաուս Յոհանիսին:

– Նոյեմբերի 24-ին Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրեցին համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, իսկ ապրիլի 11-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը: Այժմ սպասելու ենք ԵՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացմանը: Ձեր տեղեկություններով՝ Ռումինիան ե՞րբ կվավերացնի մեր համաձայնագիրը:

– Այս ուղղությամբ դեսպանությունը մեծ ծավալի աշխատանք է կատարել, անցկացվել են բազմաթիվ հանդիպումներ ինչպես ամենաբարձր, այնպես էլ այլ օղակների ղեկավարների մակարդակներով: Ռումինիայի ԱԳՆ-ում համաձայնագրի վավերացմանն առնչվող աշխատանքները տեւական ժամանակ է, ինչ ավարտվել են, եւ հարցը տեղափոխվել է այլ օղակներ, որտեղ, հույս ունեմ, ներպետական ընթացակարգերը նույնպես արագ կավարտվեն: Ռումինական կողմը քանիցս հավաստիացրել է, որ ՀԸԳՀ վավերացումը ընթանալու է արագացված եւ պարզեցված ընթացակարգով: Կարծում եմ՝ համաձայնագիրը կվավերացվի մոտ ապագայում: Դրան արդեն կհաջորդի ավելի բարդ աշխատանքը:

– Պարոն Մինասյան, ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի առջեւ ի՞նչ նոր հնարավորություններ եք տեսնում՝ քաղաքական, տնտեսական եւ անվտանգության առումով՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները դիվերսիֆիկացնելու տեսանկյունից:

– Համաձայնագիրը համապարփակ համագործակցության միտված կարեւորագույն փաստաթուղթ է, որն ունի իրավաօրենսդրական, քաղաքական, տնտեսական եւ այլ ասպեկտներ ու չափումներ: Այն համակարգելու է Եվրամիություն-Հայաստան գործընկերությունը գրեթե բոլոր ոլորտներում: Այն նաեւ կոչված է խթանելու Հայաստանում բարեփոխումների հետագա ընթացքը: Անվտանգային առումով եւս այն հսկայական ազդեցություն կունենա, քանի որ փաստաթղթի նախաբանը հստակորեն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորման դրույթները` վերահաստատելով ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ իրավահավասարության, տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:

Այդուամենայնիվ, կուզենայի նկատել հետեւյալը` անգամ ամենաիդեալական փաստաթղթի ստորագրումն ու վավերացումը ինքնին դեռ բավարար չեն մեր առջեւ կանգնած խնդիրների լուծման առումով: Փաստաթղթին հարկավոր է միս ու արյուն հաղորդել, եւ այդ իմաստով կարեւորագույնն, իհարկե, փաստաթղթի իրականացման, կիրարկման փուլն է: Շատ բան կախված է լինելու մեր նախաձեռնողականությունից, մեր ակտիվությունից: Չեմ բացառում, որ կիրարկման փուլում Հայաստանը ԵՄ առանձին երկրների հետ կարող է հանդես բերել ստեղծագործական մոտեցման վրա հիմնված հետաքրքիր համատեղ նախաձեռնություններ, որոնք կարող են ընդօրինակվել ԵՄ այլ երկրների հետ Հայաստանի համագործակցության ծիրում:

– Որքանո՞վ են Ռումինիայի ներդրողները հետաքրքրված Հայաստանով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի համատեքստում: Տնտեսական եւ այլ ոլորտների վերաբերյալ համագործակցության ծրագրեր մշակվո՞ւմ են:

– Ռումինիայի խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացումը, կարծում եմ, պետք է որ ազդակ դառնա նաեւ ռումին ներդրողների համար՝ դեպի Հայաստան հայացք ուղղելու համար: Իհարկե, անհրաժեշտ կլինի իրականացնել հսկայական ծավալի բացատրական-տեղեկատվական աշխատանք, որը կարճ ժամանակի խնդիր չէ:

Հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերագործարկմանն այստեղ մեծ դեր է վերապահված: Սակայն խնդիրը միայն հերթական նիստի գումարումը չէ՝ անհրաժեշտ է նախ առաջիկա նիստը հագեցնել իրական եւ կոնկրետ բովանդակությամբ, համագործակցության կոնկրետ ծրագրերով, ապա եւ ջանքերը կենտրոնացնել այն բանին, որ նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածներն առավելագույնս արդյունավետ օգտագործվեն:

Նպատակահարմար կլիներ առաջիկա նիստին նախապատրաստվել ինչպես հարկն է, Ռումինիայում Հայաստանի եւ Հայաստանում Ռումինիայի դեսպանությունների, երկու երկրների տնտեսական բլոկի գերատեսչությունների ու կազմակերպությունների, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործակցությամբ «գույքագրել» մեր տնտեսական ներունակությունները, հնարավոր համագործակցության ոլորտներն ու ուղղությունները, կազմել այդ համագործակցության, եթե կուզեք, «տնտեսական անձնագիրը»: Ահա այս դեպքում իրատեսական կլինի վերջին տարիներին ԵՄ-ում ամենամեծ տնտեսական աճն արձանագրած Ռումինիայի հետ վարել արդյունավետ համագործակցություն ե՛ւ երկկողմ, ե՛ւ բազմակողմ, այդ թվում՝ տարածաշրջանային մակարդակներում:

Վերջերս բավական թրենդային են դարձել ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հնարավորությունների մասին քննարկումները: Տեսնո՞ւմ եք նման հնարավորություն, եւ այս համատեքստում Հայաստանի դերը ինչպե՞ս եք պատկերացնում:

– Ե՛վ ԵՄ-ն, ե՛ւ ԵԱՏՄ-ն հսկայական շուկաներ են, վիթխարի պոտենցիալ պարունակող տնտեսական տարածքներ: Բնականաբար, համագործակցությունն այդ շուկաների, այդ տարածքներում գործող տնտեսվարող սուբյեկտների միջեւ իսկապես կարող է փոխադարձորեն շահավետ լինել: Մեկ անգամ չէ նաեւ, որ խոսվել է նման համագործակցության տիրույթում Հայաստանի կողմից կամուրջի դերի ստանձնման հնարավորության մասին: Սակայն նման համագործակցության իրական ծավալումը երկարատեւ գործընթաց է եւ տնտեսական նախադրյալներից բացի՝ պահանջում է նաեւ զուգահեռ քաղաքական գործընթացներ: Նման մի գործընթացը՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արդեն իսկ իրականություն է, իսկ նրա վավերացումը՝ մոտ ապագայի խնդիր:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 19.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30