Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՎԱՍԱՆՔ

Ապրիլ 20,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ տասնչորսերորդ

ԳՈՎԱՍԱՆՔ

Եվ Հրանտը Ֆրունզիկին ասաց՝ «քո ու Աղասու էդ հարցազրույցը կարդացել եմ. վատ հարցազրույց չէր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ հարցերն էին հետաքրքիր», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «համ հարցերն էր ինքը գրել, համ էլ՝ պատասխանները» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի շատ իմ չասածներն էր գրել, քան՝ ասածներս», եւ Հրանտը ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «զգացվում էր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը քո միջոցով իր մտքինն ու իր մտքերն էր մեյդան բերել», եւ Ֆրունզիկը հիացած նայեց Հրանտին ու ասաց՝ «լավ էլ զգացել ես», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Ֆրունզիկ Մկրտչյանի ու Աղասի Այվազյանի մտքերն իրարից տարբերելու համար առանձնապես մեծ խելք հարկավոր չի», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Հանտին հարցրեց՝ «էդ հիմի ինձ ե՞ս կպնում, թե՝ իրան», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «պայմանավորվեցինք, որ Աղասուց ենք բամբասում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «բա ասում էիր՝ Աղասուց հնարավոր չի բամբասել», եւ Փելեշյանը փռթկացնելով ասաց՝ «Հրանտի համար անհնարին բան գոյություն չունի», եւ Խորիկն ասաց՝ «բայց հումակերության թեման իզուր եք շրջանցում» եւ մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին հարցրեց՝ «փաստորեն, ինքը միս չի ուտում», եւ Ֆրունզիկն ասաց՝ «ոչ միս ա ուտում, ոչ էլ էփած բաներ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հիմնականում բանջար ա ուտում», եւ Հրանտը թարս նայեց Ֆրունզիկին ու ասաց՝ «ոչ թե բանջար, այլ՝ բանջարեղեն» եւ մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին թարս նայելով ավելացրեց՝ «գրողներին ձեռ առնելու համար խելքդ քոնը չի», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ես իրա ասածն եմ ասում», եւ Հրանտը Ֆրունզիկին հարցրեց՝ «ինքն ի՞նչ ա ասել», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասել ա, որ միս ու էփած բաներ չի ուտում», եւ Խորիկն ասաց՝ «որ միս չի ուտում, ծախսերն ահագին կպակասեն», եւ Հրանտն ասաց՝ «ընդհակառակը. էդ հումակերությունն Աղասու վրա շատ թանկ ա նստում», եւ Խորիկը զարմացած հարցրեց՝ «ո՞նց ա թանկ նստում», եւ Հրանտն ասաց՝ «ինքը մսի ու մյուս բաների փոխարեն կիլոներով  պոպոք, պնդուկ ու անարատ մեղր ա ուտում» եւ Ֆրունզիկին նայելով՝ ժպտաց ու ավելացրեց՝ «իրա ասածն եմ ասում», եւ Փելեշյանը ժպտալով Հրանտին ասաց՝ «բա  ասում էիր՝ Աղասուց հնարավոր չի  բամբասել. հես ա՝ լավ էլ բամբասում ենք», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս բամբասանք չի. բամբասանքն էն ա, որ չեղած բաներ ես հորինում», եւ Ֆրունզիկն ասաց՝ «ինքը հումակեր ա, հումակեր ենք ասում», եւ Հրանտը փռթկացնելով ասաց՝ «իրա ասածն ենք ասում», եւ Ֆրունզիկը փռթկացնելով ավելացրեց՝ «ավել բան չենք ասել» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «ընդհակառակը. իրան լավ էլ գովեցինք», եւ Փելեշյանը զարմացած հարցրեց՝ «իրա ի՞նչը գովեցիք», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «իրա ինքնանկարները» եւ մի քիչ մտածեց ու Փելեշյանին ասաց՝ «չես պատկերացնի՝ էդ ինքնանկարներն ինչքան իրան նման են», եւ Փելեշյանը ժպտալով ասաց՝ «պատկերացնում եմ», եւ Ֆրունզիկը Փելեշյանին ասաց՝ «մինչեւ աչքովդ չտեսնես, չես պատկերացնի», եւ Փելեշյանը ժպտալով ասաց՝ «աչքովս տեսել եմ» եւ ժպտալով ավելացրեց՝ «ինքը մի անգամ էլ ինձ ա իրա տուն հրավիրել»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30