Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նորանշանակ վարչապետը բացառիկ հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը: Արամ Աբրահամյանը Սերժ Սարգսյանին հարց է ուղղել երկրում աղքատության ցուցանիշի վերաբերյալ:
«Ենթադրենք՝ ՀՆԱ-ն ավելացել է 10 կամ 20 անգամ: Եթե մարդու աշխատավարձը 150 հազար դրամ է, իսկ ձմռանը գազի համար պետք է տա 30 հազար դրամ, այդպես էր 2007-ին, այդպես էր 2017-ին, ինչպե՞ս են այդ 10 անգամ բարձրացած ՀՆԱ-ն կամ բանկերի ավանդները կամ բոլոր թվերը անդրադառնալու մարդու առօրյայի վրա»:
Սերժ Սարգսյանը պատասխանել է.
«Եթե նույնը լինի՝ մարդու առօրյայի վրա, իհարկե, չի անդրադառնա: Ընդհակառակը, մարդու պահանջները կմեծանան, առօրյան կմնա նույնը, դժգոհությունը կմեծանա, բայց որպեսզի ենթադրություններով չխոսենք, եկեք թվերով խոսենք. նվազագույն ամսական աշխատավարձը 2007 թ. եղել է 15 հազար դրամ, այսօր 55 հազար է, գրեթե 4 անգամ ավելացել է: Միջին ամսական աշխատավարձը եղել է 62 հազար, միջինն եմ ասում, եթե տարվա արդյունքներով ասեմ, ավելի բարձր կլինի, հիմա 184 հազար է, 3 անգամ ավելացել է: Արդյո՞ք սա փոփոխություն չէ: Բա ինչպե՞ս անենք, որ 100 անգամ ավելանա: Եվ, ընդհանրապես, աշխարհում կա՞ այդպիսի օրինակ, որ միանգամից 100 անգամ ավելանա: Չկա այդպիսի բան: Որպեսզի ավելի հստակ լինի, որ առօրյան նույնը չի մնացել, պետք է ասեմ, որ իրական միջին աշխատավարձի ինդեքսն այն ժամանակվա 100-ի վրա հիմա 168 տոկոս է, այսինքն՝ մարդկանց կյանքը բարելավվել է: Ակնհայտ է դա: Ես շատ լավ հասկանում եմ, որ հիմա պետք է ասեք, որ՝ բա եթե բարելավվել է մարդկանց կյանքը, ինչո՞ւ 30 տոկոս աղքատություն կա հանրապետությունում: Մարդիկ բնավորություն ունեն թվերը կլորացնելու դեպի բացասական կողմը: Այո´, աղքատությունը մեր երկրում կազմում է 29.2 տոկոս, բայց պետք է ասեմ, որ աղքատությունը գնահատական է, իսկ ՀՆԱ-ն ճշգրիտ թվերի հանրագումար է: Սա գնահատական է՝ հենված մի անգամ 5000, մի անգամ 6000 տնային տնտեսությունների արդյունքների վրա, և աղքատությունը գնահատվում է ո´չ թե եկամուտով, այլ սպառումով: Այստեղ մտածելու տեղ կա»: