«Նման հեռանկար եւ օրակարգ չի քննարկվել, դա քաղաքական օրակարգ չէ: Խորհրդարանն օրենքով սահմանված կարգով է ընտրել վարչապետին»,-այսօր կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո անդրադառնալով հարցին, թե բազմամարդ ցույցերի համատեքստում ՀՀԿ-ում քննարկե՞լ են վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Առաջիկայում կքննարկենք նոր կառավարության ծրագիրը: Քաղաքական մեծամասնությունն էլ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պատրաստ է լսել ընդդիմադիրների գնահատականները»,-հավելեց նա: Անդրադառնալով այն գնահատականներին, որ ցույցերը բացասաբար են ազդում տնտեսության վրա, Շարմազանովը նշեց, որ միայն նախորդ տարի 7,5 տոկոս տնտեսական աճ է գրանցվել:
«Ուստի բոլորին կոչ եմ անում կառուցողական գործել»,-ասաց նա: Նա գնահատականներ չտվեց այն փաստին, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատնից, եւ այդ փաստը չորակեց որպես որեւէ ընդդիմադիր գործչի հայտարարության կամ քայլերի արդյունք:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ