Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ հանդես եկող ցուցարարների հավաքում այսօր մի ցուցարար՝ Վանաձորից Անին, հարթակից դիմեց ՀՀ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, այդ թվում՝ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին: «Ինչո՞ւ եք իշխանությունների նախընտրական շրջանում կողքները հայտարարություններ անում…կամ, երգիչներ, ինչո՞ւ եք նախագահի եւ մյուսների կողքին քարոզում, որ մենք ընտրենք այս կամ այն թեկնածուին…Բա հիմա դուք ո՞ւր եք, եկեք մեր կողքը կանգնեք»,-ասաց Անին:
Նա դիմեց նաեւ ոստիկաններին՝ կոչ անելով կանգնել իրենց կողքին. «Սիրելի ոստիկաններ, վաղը մեզանից շատերը ձեր տուն հարս են գալու»: Դերասանուհի Զառա Սահակյանը եւս եկել էր հանրահավաքին:
Նա հայտարարեց. «Տանը նստելով չի, սոցցանցում մեկնաբանություն գրելով չի, եկեք, խոսեք խնդիրների մասին: Կողմ եմ խաղաղ հավաքին, որպեսզի հասնենք արդյունքի: Էլ որքա՞ն կարող ենք խեղճացած ապրել: Միեւնույնն է, թե վաղն իմ կարծիքի համար ինձ ինչ կասեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ