Այսօր Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց բազմամարդ բողոքի ցույց էր ընթանում:
Ցուցարարների շարքերում էին հոգեւորականներ ու երիտասարդներ: Նրանց դժգոհությունն ու վրդովմունքը հարուցել է վրացական մի ընկերության արտադրանքը` պահպանակները, որի տուփի վրա պատկերված է վրաց Թամար թագուհու սրբապատկերը:
Aravot.am-ի հետ զրույցում ցուցարարներն ասացին, որ Թամար թագուհու նկարն այդ պահպանակի վրա պատկերելով, տեղական այդ ընկերությունը վիրավորել է հավատացյալների, քրիստոնյանների կրոնական արժանապատվությունը. «Մեզ համար Թամար թագուհին մեր սրբերի շարքում է, եւ նրա սրբապատկերը պահպանակի վրա պատկերելը սրբապղծություն է»:
Ցուցարարներն ասացին, որ խորհրդարանի շենքի մոտ են ցույց անում, պահանջելով պատգամավորներից այնպիսի խիստ օրենքներ ընդունել, որպեսզի նման երեւույթները բացառվեն, իսկ ընկերությանն էլ պարտադրեն վերացնել նմանատիպ նկարով պահպանակներն ու այլեւս չշարունակեն դրանք արտադրել: Ի դեպ, այդ ընկերությունն արտադրում է նաեւ Թբիլիսիում տեղադրված հայտնի «Մայր Վրաստան» արձանի պատկերով պահպանակներ:
Վրաստանի քաղաքացիներից ու ցուցարարներից ոմանք մեզ հետ զրույցում ասացին, որ Թամար թագուհու սրբապատկերը պահպանակի տուփի վրա պատկերելով վրացական այդ ընկերությունն ուղղակի ցանկացել է ուշադրություն գրավել իր վրա. «Սա չհաջողված գովազդ է, հակագովազդ, որովհետեւ բազմաթիվ վրացիների դա դուր չի եկել, եւ այդ քայլով նրանք դժվար թե իրենց ապրանքի սպառումն ավելացնեն: Հակառակը, մարդիկ չեն էլ օգտվի այդ պահպանակից»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Թբիլիսի-Երեւան