Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության հայտարարությունը
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը խիստ մտահոգված է վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով: Հնչակյան կուսակցությունը, պաշտպանելով քաղաքացիների խաղաղ ցույցերի անցկացման իրավունքը, հայտարարում է.
- Ցույցի դուրս եկած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ հատկապես երիտասարդությունը, երկրում ցանկանում է տեսնել շոշափելի և արագ բարեփոխումներ ու առկա մթնոլորտը հաղթահարող համակարգային լուծումներ:
- Հրամայական է երկրում համակարգի կտրուկ բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտությունը:
- Խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի հնարավոր կիրառումը ոչ միայն դատապարտելի է իբրև սահմանադրական իրավունքի կոպիտ խախտում, այլև կարող է հանգեցնել առկա մթնոլորտի էլ ավելի շիկացմանը:
- Ներքաղաքական ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է կիրառել քաղաքական գործիքակազմ՝ քաղաքական կազմակերպությունների համընդհանուր կոնսենսուսի միջոցով:
Հնչակյան կուսակցությունը մշտապես հայտարարել է, որ երկրում սոցիալական անարդարության դրսևորումները, բիզնեսի սերտաճումը կառավարման համակարգի հետ, հասարակության մեջ հարուստների և աղքատների կաստայական շերտավորումը հանգեցրել է լարվածության, որի դրսևորման ականատեսն ենք այսօր:
Վստահ ենք, որ քաղաքացիական իրավունքների իրացումը և փոփոխությունների պահանջը պետք է կյանքի կոչի ավելի արդար ու պաշտպանված հասարակության ձևավորումը: