Aravot.am-ն այսօր իր պաշտոնում վերանշանակված տնտեսական զարգացման եւ ներդրումներ նախարար Սուրեն Կարայանին վկայակոչելով վարչապետ Սերժ Սարգսյանի՝ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցրած այն միտքը, թե ներդրողները հրաժարվում են ներդրումներ անել, զբոսաշրջիկներն էլ հրաժարվում են գնալ մի երկիր, որտեղ ցույցեր են տեղի ունենում, ներկայացրինք նաեւ քաղաքագետների, ընդդիմադիր գործիքների տեսակետը, որ մեր երկրում ներդրումներ չեն արվում կոռուպցիայի բարձր մակարդակի, մենաշնորհային տնտեսության եւ ներդրողի հետ «փայ մտնելու» պատճառով:
Մեր հարցին, թե ինչպես կմեկնաբանի այս տեսակետները, Սուրեն Կարայանը պատասխանեց, որ պետք է խոսել, ոչ թե ենթադրություններով, այլ՝ փաստերով. «2017 թվականին մեր երկրում ոչ մի արտառոց դեպք տեղի չունեցավ եւ մեր տնտեսությունն արձանագրեց 7,5 տոկոս տնտեսական աճ: Այդ աճը ապահովվեց շնորհիվ արդյունաբերության եւ ծառայության ոլորտների: Մոտ 20 տոկոսով էլ զբոսաշրջության մեծ աճ ունեցանք: Նույնը 2018 թվականի առաջին եռամսյակն է»:
Ինչ վերաբերում է, թե ցույցերն ինչ ազդեցություն կունենան տնտեսության զարգացման վրա, ապա Սուրեն Կարայանը նշեց, որ արդեն իսկ բացասաբար է ազդել զբոսաշրջության վրա. «Եթե դուք հետեւում եք միջազգային լրատվությանը, ապա, որոշ երկրներ արդեն կոչ են արել, որպեսզի իրենց քաղաքացիները չայցելեն Հայաստանի հանրապետություն, որովհետեւ անվտանգ չէ: Իսկ մենք բազմաթիվ ջանքերի շնորհիվ հասել էինք նրան, որ Հայաստանը զբոսաշրջության համար համարվել էր անվտանգ երկրներից մեկը»:
Մանրամասները տեսանյութում
Հարցին, թե տասնյակ տարիներ է զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտել են անբարեկարգ ճանապարհները, թանկ ավիատոմսերն ու հյուրանոցները, դրանք էլ կապված չե՞ն ցույցերի հետ, ինչո՞ւ այդ ուղղությամբ աշխատանքներ չեն կատարվել, Սուրեն Կարայանը պատասխանեց. «Այդքանով հանդերձ, մենք, ձեզ հետ միասին ականատես ենք լինում, որ 2017 թվականի ընթացքում զբոսաշրջիկները մոտ 20 տոկոսով ավել են այցելել Հայաստան: Դա բավականաչափ լուրջ աճ է: Մենք ձեզ հետ միասին համաձայն ենք, որ ենթակառուցվածքները պետք է զարգացնենք»:
Մանրամասները տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ