«Սերժ Սարգսյանի հեռացումից հետո պետական աշխատողների եւ ոստիկանության աշխատավարձը կբարձրացվի, որպեսզի շաբաթ կիրակի օրերին նրանք ստիպված չլինեն բետոն թափել սրա նրա հայաթում՝ իրենց ընտանիքը պահելու համար»,-Հանրապետության հրապարակում այսօր Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ հանդես եկող ցուցարարների հանրահավաքում հայտարարեց նրանց առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա ցուցարարներին տեղեկացրեց. «Կարմիր բերետավորներն ազատ օրերին կամ տաքսի են քշում, կամ բանվորություն անում, հասկանո՞ւմ եք: Ու նրանք հիմա վահանով ու մահակով պետք է Սերժ Սարգսյանի նստավայրը պաշտպանեն: Բա դրանից հետո իրենց կանանց ու երեխաների աչքերին ո՞նց եք նայելու»:
Ի դեպ, 11 տարեկան մի տղա՝ Սարգիս Թոսունյանը, հանրահավաքի հարթակից ռեպ կարդաց՝ ոստիկաններին կոչ անելով կանգնել իրենց կողքին եւ դառնալ իրենց եղբայրները: Ապա` ցուցարարները վանկարկեցին՝ «Աշոտ-Աշոտ»: Փաշինյանը սկզբում չհասկացավ, թե ում մասին է խոսքը, ապա նրան հուշեցին, որ օրերս Բաղրամյան պողոտայում գրանցված բախման ժամանակ Աշոտ անունով ոստիկանի տատիկը ցուցարարների շարքում է եղել:
Փաշինյանը հայտարարեց. «Հետո հարեւանները տեսնելով Աշոտին՝ ասել են՝ «Աշո՜տ ջան, այ գլխիդ մեռնենք, տատին ու պապան ստեղ են, էտ գռանատները քիչ գցի, Աշո՜տ»: Սիրելի ժողովուրդ, չարժի՞ վաղն այնպես մի հավաք անել, որ բոլոր ոստիկանների տատիները, քույրերն ու եղբայրներն այստեղ ներկա լինեն»:
Վերջում Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց ՀՀ ոստիկաններին. «Սիրելի ոստիկաններ, ո՞ւմ եք պաշտպանում եւ ումի՞ց, պարտավոր եք ժողովրդի կամքը տեսնելով՝ ցած դնել ձեր վահաններն ու սաղավարտները հանուն Սարգիսի, հանուն ձեր ապագայի, հանուն ձեր երեխաների, պարտավոր եք մեր առաջ բացել Բաղրամյան 26-ի դռները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ