Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա Հանրապետության երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. Սերժ Սարգսյան

Ապրիլ 19,2018 21:30

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը: Նախքան օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը՝ վարչապետը շնորհավորել է կառավարության նորանշանակ անդամներին՝ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին, փոխվարչապետներ Արմեն Գևորգյանին և Վաչե Գաբրիելյանին, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Հանրապետության վարչապետը կառավարության անդամներին առաջարկել է այսօր չանդրադառնալ կառավարության ծրագրերին, սկզբունքներին, մոտեցումներին, քանի որ դեռևս ամբողջովին չի կազմավորվել նոր կառավարությունը: Նշելով, որ այդ գործընթացը կավարտվի երկու-երեք օրվա ընթացքում՝ վարչապետ Սարգսյանն առաջարկել է միանգամից անցնել օրակարգի հարցերի քննարկմանը, որոնց ընդունումն ուղղակի անհրաժեշտություն է, իսկ հաջորդ նիստի ժամանակ խոսել վերոնշյալ թեմաների շուրջ:

Հանրապետության վարչապետը նիստի ավարտին անդրադարձել է ևս մեկ հարցի, որը վերաբերել է կառավարության որոշմամբ Կոնդի առանձնատներից մեկը՝ որպես բնակարան, Հանրապետության երրորդ նախագահին սեփականության իրավունքով անհատույց տրամադրմանը:

«Դուք բոլորդ այն կառավարության անդամներն եք, որը շաբաթներ առաջ ընդունեց որոշում՝ Հանրապետության երրորդ նախագահին հատկացնել Կոնդի յոթ առանձնատներից մեկը, որտեղ երբևէ չէին բնակվել ո՛չ առաջին նախագահը, ո՛չ էլ երկրորդ նախագահը: Իհարկե, ծանոթ եմ այն հիմնավորումներին, փաստարկներին, որոնք հիմք են հանդիսացել այդ որոշումը կայացնելու համար: Դրանք տրամաբանված փաստարկներ են, և ես, որպես վարչապետի թեկնածու, Ազգային ժողովում քննարկումների ժամանակ հնչեցրել եմ այդ փաստարկները՝ պաշտպանել եմ ձեր որոշումը: Շատ շնորհակալ եմ այդպիսի որոշման համար, բայց այսօր ես եմ կառավարության ղեկավարը և ես եմ նստած նիստը անցկացնողի աթոռին: Սա այլ իրավիճակ է: Ուստի ես որոշում եմ կայացրել հրաժարվել այդ տան նկատմամբ սեփականության իրավունքից հենց առաջին նիստի ժամանակ, որը ես կանցկացնեմ, այսինքն՝ այսօր: Պարո՛ն Գևորգյան, խնդրում եմ հանձնարարել համապատասխան մարդկանց, որպեսզի որոշման նախագիծ պատրաստեն՝ հաջորդ նիստի ժամանակ ընդունելու համար: Հիմա Հանրապետության երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. կարելի է այդ խնդրին անդրադառնալ հետագայում, երբ այս աթոռին նստած կլինի մեկ այլ վարչապետ: Ես հուսով եմ, որ դուք ըմբռնումով եք մոտենում իմ որոշմանը: Մեկ անգամ ևս ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդպիսի որոշում ընդունելու համար»,-ասել է վարչապետ Սերժ Սարգսյանը:

Օրենսդրական նախաձեռնություններ

Նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել ««Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում կամրապնդվեն սեփականության իրավունքի առավել արդյունավետ պաշտպանության իրավական հիմքերը: Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտ է այնպիսի ժամկետ սահմանել, որը հնարավորություն կստեղծի սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց արդյունավետորեն իրացնել իրենց բողոքարկման իրավունքը: Օրինագծով հանրային գերակա շահ ճանաչված սեփականության նկարագրության արձանագրության բողոքարկման համար նախատեսվել է մեկամսյա ժամկետ:
Հավանություն է տրվել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում կվերանան անձի գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման գործընթացի իրականացման ժամանակ առաջացող խոչընդոտները: Օրենքի նախագծով սահմանվել է, որ պարտապանի գույքի վրա արգելանք դնելը չի խոչընդոտում մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման գործընթացը, բացառությամբ այն դեպքի, երբ արգելանքը կիրառված է արտահանվող ապրանքի նկատմամբ: Սահմանվել է նաև, որ նշված դրույթը չի կիրառվում Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված դեպքերում:

Հավանության է արժանացել նաև ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծերի ընդունման արդյունքում կբարձրանա դատական ակտերի հարկադիր կատարման և սնանկության գործընթացների արդյունավետությունը, ինչպես նաև կնվազեցվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով սնանկության ինստիտուտի կիրառման անհրաժեշտությունը: ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, մասնավորապես, սահմանվել է, որ պարտապանի գույքի բացակայության, անբավարարության, գրավադրված լինելու կամ այն դեպքում, երբ պարտապանի գույքը նրա միակ բնակարանն է, հարկադիր կատարողը կատարողական թերթի պահանջների կատարման նպատակով իրավունք ունի իր որոշմամբ հանձնարարելու պարտապանին իրականացնելու պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա գույքի կամ գույքային իրավունքի գրանցում (հաշվառում)՝ պարտապանի համար սահմանելով հանձնարարականի կատարման ժամկետ: Եթե պարտապանը որոշմամբ սահմանված ժամկետում չի կատարում հանձնարարականը, ապա հարկադիր կատարողը, որպես պարտապանի ներկայացուցիչ, կազմակերպում է պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա գույքի կամ գույքային իրավունքի գրանցումը (հաշվառումը) և կատարված ծախսերը, որպես կատարողական ծախս, դրանց եռապատիկի չափով բռնագանձում պարտապանից: Նախատեսվել է նաև, որ եթե հայտարարագիր ներկայացնելուց հետո պարտապանի գույքի արժեքն անբավարար է կատարողական թերթի պահանջները կատարելու համար, ապա պարտապանի կողմից սեփականության իրավունքով նոր գույք կամ գույքային իրավունք ձեռք բերելու դեպքում պարտապանը 5 օրվա ընթացքում հայտարարագիր է ներկայացնում նախորդ հայտարարագիրը ներկայացնելուց հետո սեփականության իրավունքով ձեռք բերված գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին:
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը

Կառավարության որոշմամբ «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ը կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումն օգտագործելու է փոքր ավիացիայի ոլորտում: Սարքավորումը ներմուծելու է «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1 848 266 832 ՀՀ դրամի ներդրում, իսկ «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա»-ն տրամադրելու է 1 032 500 000 ՀՀ դրամի լիզինգ: Նախատեսվում է ստեղծել 10 աշխատատեղ՝ 1 040 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Կբարձրանա ոռոգման ոլորտի կազմակերպությունների գործունեության և կառավարման արդյունավետությունը

Հանրապետությունում սակավաջրության ռիսկերի կանխման հրատապ միջոցառումների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար շարժական պոմպեր ձեռք բերելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին: Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել թվով 20 շարժական պոմպ: Շարժական պոմպերի ձեռքբերումը ոռոգման շրջանի սկզբում նպատակ ունի առավել արդյունավետ օգտագործել ժամանակավոր ձևավորվող մակերևույթային ջրահոսքերը, որոնք դուրս են գոյություն ունեցող ոռոգման համակարգերը սնող ավազաններից: Պոմպերը նախատեսվում է տեղադրել նաև կոլեկտորադրենաժային ցանցի այն հատվածներում, որտեղ բացակայում են ստացիոնար պոմպակայանները:

Նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերն ընդունվել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30