«Օրերս Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ վերջապես Երեւանում առանձնատուն ունեցավ: Կառավարության որոշմամբ՝ ՀՀ թիվ մեկ առանձնատունը նրան տրվեց: Նման անփառունակ ձեւով նա հեռացավ պաշտոնից՝ Կարեն Կարապետյանի մասին է խոսքը…Դեռ մի քանի օր առաջ ասել էի, որ Կառավարության առաջին քայլը պետք է լինի այդ առանձնատունը կրկին ազգայնացնելը, որովհետեւ դա ՀՀ սեփականությունն է: Բայց այսօր այդ անփառունակ կառավարության նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ինքնակամ հրաժարվում է այդ առանձնատնից:
Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն ինքն արդեն զգում է ժողովրդական թավշյա հեղափոխության շունչը: Այսօր մեր փողոցային ակցիաների ամենահզոր օրն է եղել: Թավշյա հեղափոխության հաղթանակը սարերի հետեւում չէ»,-Հանրապետության հրապարակում քիչ առաջ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ հանդես եկող ցուցարարների հանրահավաքում հայտարարեց նրանց առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց. «Ժողովրդական հեղափոխությունը վերածվել է ժողովրդական տոնախմբության, որովհետեւ մարդիկ զգում են իրենց մոտալուտ հաղթանակը: Կասկածներ ունեմ, որ շչակների ներքո շրջադարձային կերպով փոխվել է նաեւ ոստիկանության վերաբերմունքը: Այսօրվա երթի ժամանակ ոստիկանությունն ուղեկցում էր մեզ: Ակնհայտ էր, որ նրանք չէին հավատում իրենք տեսածին ու լսածին: Նրանք տեսան, որ Սերժ Սարգսյանը ՀՀ-ում գործնականում չունի կողմնակիցներ»:
Փաշինյանը հավելեց. «Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Երեւանի փողոցներում, աներեւակայելի է: Մենք ասում էինք՝ «սիգնալ տուր, եթե դեմ ես Սերժին», եւ Երեւանը ողողված էր մեքենաների շչակների ձայներով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ