Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների հանրահավաքը:
Հաշմանդամություն ունեցող անձ Արևիկ Մելքոնյանը հարթակից կոչ արեց իր ընկերներին և ընդհանրապես ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց միանալ խաղաղ անհնազանդության այս պայքարին, քանի որ դա նաև իրենց պայքարն է. «Ես դուրս եմ եկել փողոց, քանի որ դժգոհ եմ այս իշխանություններից և Սերժ Սարգսյանից: Միշտ և ամեն քայլափոխի ոտնահարվում են իմ իրավունքները»:
«Իմ քայլը» նախաձեռնության անդամ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրեց, որ մարտի 31-ին մեկնել է Գյումրի և միացել Նիկոլ Փաշինյանին՝ անելու իր քայլը: Նա վստահեցրեց՝ այս շարժման շարժիչ ուժն ուսանողությունն է. «Մեր ուսանողության հետ կողք կողքի պայքարելը պատիվ է: Ես պարծենում եմ, դուք իմ պարծանքն ու հպարտությունն եք: Ինձ համար մեծ պատիվ է ձեզ հետ թև թևի մտած նստել փողոցների վրա և պահել մեկմեկու»:
Այնուհետև նա մի դրվագ ներկայացրեց այսօր Փեթակի դիմաց իրենց և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպից. «Ես և Վահան Կոստանյանը տեսանք, թե ինչպես են ոստիկանները փորձում ցրել ցուցարարներին ու տեսնելով, որ մեր ընկեր Մեսրոպ Պապիկյանը շրջափակման մեջ է, վազեցինք ու փորձում էին նրան ազատել ոստիկաններից:
Մեսրոպը գրկել էր ոստիկանին ու ասում էր ընկեր, ես քեզ սիրում եմ: Ես ինքս գնացի ոստիկանին մյուս կողմից գրկեցի ու ասացի, ընկերս, ընկերոջս չխփես, բերման ենթարկիր, բայց մի խփիր: Երդվում եմ՝ ոստիկանն ասաց՝ ես չեմ խփելու քո ընկերոջը, կներեք, որ հիմա ձեր կողքին չեմ, բայց ես ձեզնից մեկն եմ: Եվ միայն նա չէ այդպես մտածում: Ոստիկանների մեծ մասն արդեն զգում է, որ մեր մոտեցումն ու սերը շինծու չէ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ